ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի -Sputnik. 2021թ–ի վերջին գնաճը Հայաստանում կվերադառնա կանխատեսված միջակայք։ Այս մասին այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։
«Պահանջարկը դեռևս թույլ է մնում։ Այդ իմաստով գնաճային ճնշումներն արագացման չեն ենթարկվի, և տարվա վերջին մենք վերադառնալու ենք մեր գնաճի միջակայք։ 4 տոկոս մեր գնաճի թիրախն է` +- 1.5 տոկոս։ Արդեն ապրիլին տեսնում ենք, որ այդ պիկը, որ մարտի համար ունեինք, հետ է պտտվում»,– ասաց Երիցյանը։
Նրա խոսքով` ցածր գնաճային ճնշման մասին են վկայում նաև ֆինանսական շուկաներում առկա իրողությունները, որտեղ ևս պահանջարկն ապրիլին, ԿԲ–ի տվյալներով, ցածր է եղել։
Ինչ վերաբերում է դրամի փոխարժեքին, ԿԲ փոխնախագահը հայտնեց, որ ներկա պահին նկատվում է դրամի արժևորում, բայց թե որքան դա կտևի ու ինչ ընթացք կունենա հետագայում, Երիցյանը դժվարացավ կանխատեսել։
«Չեմ կարող ասել, թե ինչքան կարժևորվի, վաղն էլ` ինչքան կարժեզրկվի, դրանք հընթացս կախված են ֆինանսական շուկաների պայմաններից, սպասումներից և այլն։ Մի բան հաստատում, որ պահանջարկը մնում է թույլ, ուստի չի կարող շուկաներում լինել էական շեղումներ, վայրիվերումներ»,– ասաց Երիցյանը։
Ըստ ԿԲ փոխնախագահի` որքան որ հավանական է դրամի արժեզրկումը, այնքան էլ հավանական է դրա արժևորումը։ Պարզապես այդ տատանումները ՀՀ տնտեսության վրա էական ազդեցություն են ունենում` կապված ֆինանսական շուկայում դոլարիզացիայի բարձր մակարդակից։
Այս առումով Ներսես Երիցյանը կարևորեց ԿԲ–ի ֆինանսավարկային քաղաքականությունն ու ֆինանսական շուկային հետևելը` անհրաժեշտության դեպքում ժամանակին ու ճիշտ միջամտություն իրականացնելու համար։
Հիշեցնենք՝ ապրիլի 6-ին, երբ ԱԺ-ում ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին հարցրին, թե արդյո՞ք դոլարի փոխարժեքի բարձրացումն ու ՀՀ-ում գրանցվող գնաճը կառավարելի են, Երիցյանն ասաց․ «Իրավիճակը կառավարելի է, հակառակ դեպքում ես այսօր չէի գա, կզբաղվեինք այդ գործով»։
Երկու օր անց՝ ապրիլի 8-ին, ԿԲ-ն հայտարարեց, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով ՀՀ արտարժութային շուկայում գործառնություններ կիրականացնի։
Այդ գործառնությունների արդյունքում դոլարի փոխարժեքը Հայաստանում միանգամից նվազեց շուրջ 20 դրամով։
Անվերահսկելի գնաճ և կորսված ռազմական պոտենցիալ. ինչ պետք է անի իշխանությունը, որ չի անում