Արման Թաթոյանը գերիների վերադարձի հրատապության հարցը ներկայացրել է Քերոլայն Քոքսին

Բարոնուհի Քերոլայն Քոքսը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին: Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել բարոնուհուն Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ բրիտանական կառավարության ներկայացուցչի առջև հայ ռազմագերիների հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող անմարդկային վերաբերմունքի և պատերազմի ընթացքում օգտագործված արգելված զինատեսակների հարցը բարձրացնելու համար:

Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ապացույցներ, թե ինչպես է հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից: Արման Թաթոյանը նշել է, որ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակը» պետական հովանավորչությամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է:

Պաշտպանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկեները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար:

Պաշտպանն անդրադարձել է նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին. Ամատունի

Թաթոյանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի:

Արմեն Սարգսյանը գերիների թեմայով նամակ է գրել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին

Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում:

Բարոնուհի Քերոլայն Քոքսը բարձր է գնահատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:

Կողմերը համագործակցության ուղղություններն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել:

Հիշեցնենք` հրադադարի հաստատումից ի վեր Հայաստան է վերադարձվել 70 հայ գերի։ Իսկ թե քանի գերի կա դեռ Բաքվում, ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։ Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իրենց մոտ մնացածները «ահաբեկիչներ» են։

Բաքվում ոչ միայն հայ զինվորների սաղավարտներն են. գերիների ու պուրակի հարցերը քննարկվել են ԵԽԽՎ–ում