ԱՄՆ-ի «կտրող-ծակող» փաստարկները, կամ ինչ է թաքնված Հայոց ցեղասպանության ճանաչման հետևում

Sputnik Արմենիայի սյունակագիր Արտյոմ Երկանյանը փորձել է մի կողմ դնել զգացմունքները և դիտարկել խնդիրը՝ մոռանալով իր հայ լինելու փաստը։
Sputnik

Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության փաստի վերջնական ճանաչմանը նպաստեցին մի շարք հանգամանքներ՝ ինչպես գլոբալ-աշխարհաքաղաքական, այնպես էլ ավելի տեղային, ներքաղաքական բնույթի: Բարոյահոգեբանական դրդապատճառների մասին չենք խոսի, որովհետև քաղաքականության մեջ դրանք սովորաբար դեր չեն խաղում։ Ոչ մի դեպքում չցանկանալով նսեմացնել ԱՄՆ-ի հայ համայնքի և նրա հետ համագործակցող հայամետ լոբբիստների ջանքերի նշանակությունը՝ պետք է, այնուամենայնիվ, նշեմ, որ նրանց դերը նույնպես այս դեպքում վճռորոշ չէր։

Էրդողանը խորապես վշտացած է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ

Նրանք իրենց գործն արել են դեռ տարիներ առաջ՝ նախագահի թեկնածուներին ստիպելով հաշվի նստել հարյուր հազարավոր հայկական ծագում ունեցող ընտրողների կարծիքի հետ։ Նրանց վստահությունը նվաճելու լավագույն հնարավորությունը դարձել էր Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը։ Ջո Բայդենը դա ավելի հստակ էր խոստացել, քան նրա նախորդներից ու մրցակիցներից որևէ մեկը։

Անցած տարվա ապրիլի 24-ին, նախընտրական արշավի թեժ պահին, Բայդենը Twitter-ի իր էջում գրել էր․ «Ընտրվելու դեպքում պարտավորվում եմ աջակցել հայերի Ցեղասպանության ճանաչմանը, և գլխավոր առաջնահերթություն կդարձնեմ մարդու համընդհանուր իրավունքները»։

Հարկ է ուշադրություն դարձնել այն փաստին, որ Բայդենը միշտ էլ Ցեղասպանության ճանաչման կողմնակից է եղել։ Սենատոր եղած ժամանակ նա առնվազն երկու անգամ աջակցել է համապատասխան բանաձևերի նախագծերին։ Մամուլում վերջերս նոր փաստեր հայտնվեցին, որոնք վկայում են այն մասին, որ 1915թ․-ի իրադարձությունների գնահատման հարցում նա, փոխնախագահ եղած ժամանակ, պնդում էր, որ անթույլատրելի է շրջասութային բնութագրիչների կիրառումը՝ «ցեղասպանություն» ձևակերպումից խուսափելու համար։  

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Սամանտա Փաուերը վերջերս մի կարևոր դետալ բացահայտեց։ Հիշելով վեց տարվա վաղեմության իրադարձությունները, նա նշեց․ «Մենք, փոխնախագահ Բայդենի հետ միասին, ներկա էինք Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառմանը Վաշինգտոնի տաճարում։ Այդ երեկո Բայդենն ինձ ասաց․ «Եթե ես լինեի Օբամայի տեղում, ես կճանաչեի Ցեղասպանությունը»»։  

Ցեղասպանության հերքումը կարող է քրեականացվել. Բայդենի ուղերձի բերած հնարավորությունները

Ցանկության դեպքում Ջո Բայդենը խոստացածը չանելու համար կարող էր տասնյակ պատճառներ գտնել։ Բայց մեր բախտը բերեց։ Քաղաքական իրադրությունը ԱՄՆ նախագահին ստիպեց Թուրքիայի վրա ճնշում գործադրելու ոչ ավանդական մեթոդներ փնտրել։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու նոր միջոցների կարիք ուներ։

Դրա համար պետք էր հայերին ցույց տալ, որ բացի ավանդական դաշնակցից, նրանք այլ բարեկամներ էլ ունեն, որոնք գուցե ոչ պակաս օգտակար են։ Հենց այդ երկու հանգամանքներն էլ, թերևս, գլխավոր դեր են խաղացել այն հարցում, որ Ջո Բայդենն այնուամենայնիվ վճռել է տխրեցնել Էրդողանին։ Բայդենի վարչակազմը թուրքերի հանդեպ ազնիվ և բաց է եղել։

Նոր թիմի՝ Սպիտակ տուն գալուց հետո Անկարա ուղղված բոլոր ազդակները վկայում էին Ցեղասպանության ճանաչման հավանականության մասին։ Բայդենը, որը դեռևս ընտրություններից առաջ Էրդողանին «բռնապետ» էր անվանել, չորս ամիս շարունակ կտրականապես հրաժարվում էր հեռախոսով խոսել Թուրքիայի առաջնորդի հետ։

Եվ միայն ապրիլի 24-ի նախօրեին նա որոշեց «վերցնել հեռախոսը», բայց միայն նրա համար, որ անձամբ ՆԱՏՕ-ի գործընկերոջը հայտնի տհաճ նորությունը։ Դրանից երկու օր առաջ Անկարան Պենտագոնից պաշտոնական հաղորդագրություն էր ստացել այն մասին, որ Թուրքիան հեռացվել է հինգերորդ սերնդի F-35 գերժամանակակից կործանիչների համատեղ արտադրության ծրագրից։ Դա նշանակում էր, որ Էրդողանը չի կատարել Վաշինգտոնի պահանջները, որոնք ներկայացվել էին որպես հարաբերությունների կարգավորման նախապայման։ Սպիտակ տան հաջորդ քայլն անխուսափելիորեն պետք է լիներ 1915թ.-ի իրադարձություններին գնահատական տալը։

«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Վաշինգտոնի նախապայմաններն առաջին հերթին վերաբերում էին Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման գործարքից հրաժարվելուն։ Բայց ամերիկացիների պահանջները դրանով, իհարկե, չէին սահմանափակվում։ Ամերիկացիները թուրքերի հանդեպ պահանջներ ունեն թե՛ Սիրիայի, թե՛ Կիպրոսի, թե՛ ՆԱՏՕ-ի ռազմանավերի հասանելիությունը Սև ծով վերահսկելու հարցերում, թե՛ մի շարք այլ թեմաներով։ Քանի որ այդ հարցերից որևէ մեկում Էրդողանը չնահանջեց, Բայդենը որոշեց, որ նրան պատժելու ժամանակն է։

Հայոց Ցեղասպանության ճանաչումը թուրքերի համար միշտ էլ նրանց գլխին կախված յուրատեսակ դամոկլյան սուր է եղել։ Ամերիկացիները բարեհաջող օգտվում էին այդ զենքից, դրանով սպառնալով ամեն անգամ, երբ թուրքերն իրենց ինչ-որ ավելորդ բան էին թույլ տալիս։ Բայց մի խնդիր կա․ թուրը ճոճելը հարմար բան է, բայց դրանով միայն մեկ անգամ կարող ես գլխատել։

Այդ պատճառով էլ Սպիտակ տանը փնտրում էին պահը, երբ սուրն իջեցնելն ամենաարդյունավետը կլինի։ Այդ պահի որոնումներն ավելի քան տասը տարի տևեցին։  Միաժամանակ Վաշինգտոնում դամոկլյան սուրը մեկանգամյա օգտագործման զենքից բազմակի օգտագործման զենքի վերածելու հնարավորություններ էին փնտրում։ Լուծումը գտան սայրը մխրճելու խորությունը կարգավորելու հնարավորության մեջ։

Ըստ ամենայնի, որոշվել է սուրն իջեցնել այնպես, որ պարանոցը վնասվի, բայց ողնաշարը չկտրվի։ Դա մահապատժի դատապարտվածին ուղղվելու վերջին հնարավորություն կտա։ Եթե վիրավորը ճիշտ հետևություններ անելու համար բավարար իմաստություն ունենա, բժիշկները նրան ուշքի կբերեն։ Իսկ եթե ոչ․․․

Մեր ընդհանուր Կարսը և Սղերդը. ինչպես կարող է թափ առնել Ցեղասպանության ճանաչման պայքարը

Դիվանագետներին լավ ծանոթ է «կտրող-ծակող» փաստարկները խաղարկելու արվեստը։ Խուսանավելու հնարավորությունները բավականին շատ են։ Կարելի է, օրինակ, իրավական և քաղաքական գնահատական տալ, բայց հետո հրաժարվել դրանից (նման մի բան արեց 1982թ․-ին Ռոնալդ Ռեյգանը)։ Կամ կարելի է գնահատական տալ, բայց տարածաշրջանային քաղաքականությունը ձևավորել առանց այդ գնահատականը հաշվի առնելու։ Միևնույն ժամանակ, կարելի է և պնդել, որպեսզի այս գնահատականը հիմք դառնա հետագա քաղաքական և իրավական գործընթացների համար ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով։ Ամեն ինչ կախված է հանգամանքներից և իրավիճակից։

Թուրք գաղափարախոսներն ի գիտություն են ընդունել, որ «վերքը մահացու չէ» և անկեղծորեն հույս ունեն, որ հնարավորություն կունենան բուժել վերքերը։ Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը վաղուց արդեն իր հայրենակիցներին փաստացի նախապատրաստում էր Ամերիկայի կողմից հարվածի անխուսափելիությանը, վստահեցնում է, որ Վաշինգտոնի որոշումը որևէ հետագա իրավական գործընթաց չի առաջացնի: Նա վկայակոչում էր ՄԱԿ-ի ցեղասպանության մասին 1948թ․-ի կոնվենցիան, որն, իբր, իրենց թույլ է տալիս առանձնապես չանհանգստանալ հեռանկարների համար։

Այստեղ հարկ է պարզաբանել։ Տարածված կարծրատիպ գոյություն ունի, ըստ որի՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիան հետադարձ ուժ չունի և չի տարածվում դրա ընդունումից առաջ տեղի ունեցած իրադարձությունների վրա։ Նշանակում՝ մինչև 1948թ․-ը կատարված հանցագործությունները չեն կարող պատժվել Կոնվենցիայի ձևակերպումների համաձայն։ Այդ տրամաբանությամբ, Հայոց ցեղասպանության անգամ վերջնական միջազգային ճանաչումը չպետք է պատժամիջոցների հանգեցնի Օսմանյան կայսրության իրավահաջորդ հանդիսացող պետության նկատմամբ։

Իսրայելը կարող է ԱՄՆ–ից հետո ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Սատանովսկի

Դա մոտավորապես նույն բանն է, ինչի մասին ժամանակին պայմանավորվում էին, այսպես կոչված, «Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի» անդամները։ 2001թ․-ին նրանք արբիտրաժային որոշման համար դիմել էին «Անցումային արդարադատության հարցերով միջազգային կենտրոն»։

Երկու տարի անց անկախ եզրակացություն կայացվեց, համաձայն որի՝ 1915 թ․-ի իրադարձությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայում շարադրված «ցեղասպանություն» հասկացության սահմանմանը, սակայն դրա ճանաչումը չի կարող հիմք հանդիսանալ որևէ իրավական կամ քաղաքական հետևանքների համար, քանի որ օրենքները հետադարձ ուժ ունենալ չեն կարող։

Փոխզիջումային, կիսատ-պռատ որոշում, որը կոչված էր գառներին ողջ, գայլերին՝ կուշտ պահելու։ Հաշվարկված էր այնպես, որ հայերն ինչ-որ չափով բավարարված կլինեն, քանի որ կհասնեն պատմական արդարությանը՝ Ցեղասպանության դատապարտմանը, իսկ թուրքերը ստիպված չեն լինի փոխհատուցում վճարել օսմանյան ռեժիմի հանցագործությունների համար։ Կասկածելի բանաձև էր։ Բայց, երևում է, թուրք գաղափարախոսները պատրաստ են ծայրահեղ դեպքում նաև դրան դիմել, քանի որ այն գոնե ինչ-որ կերպ պաշտպանում է իրենց։

Միջազգային հանրության զգալի մասը ոգևորված չէ ԱՄՆ նախագահի հայտարարությունից, քանի որ այն կարող է լրացուցիչ գլխացավանք դառնալ։ Հարկ կլինի զբաղվել հայերի խնդիրներով, որոնցով ոչ ոք չի հետաքրքրվում։ Համենայն դեպս, Միացյալ ազգերի կազմակերպության կառույցներն աշխատում են հնարավորինս արագ ձեռքերը լվանալ, քանի դեռ նրանց չեն ստիպել կեղտոտվել։

Հայոց ցեղասպանությունը ճանաչելը համարձակ ու ոգեշնչող քայլ է. ՀՀ նախագահը` Ջո Բայդենին

Այս մասին է վկայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի վերջին հայտարարությունը։ Ճեպազրույցի ժամանակ նա ասել է, որ գնահատական չի տա 1915 թվականի իրադարձություններին, «քանի որ դրանք տեղի են ունեցել մինչև համաշխարհային կազմակերպության ստեղծումը»:

«Եթե խոսենք ՄԱԿ-ի դիրքորոշման մասին, ապա ցեղասպանության փաստը պետք է որոշի համապատասխան դատական ատյանը», - հայտարարել է նա: Վիճելի պնդում է։ Բայց բուն փաստը, որ այն հնչել է Միացյալ ազգերի անունից, շատ բան է ասում։ Միջազգային հանրությունը չի այրվում արդարությունը պաշտպանելու ցանկությունից։

Ամեն մեկն իր շահերով է առաջնորդվում։ Եվ ԱՄՆ նախագահը նույնպես առաջնորդվել է բացառապես Ամերիկայի ժողովրդի շահերով։ Եվ եթե այդ շահերը պահանջեն, որ Վաշինգտոնը Թուրքիային սեղմի մինչև վերջ, նա կգնա դրան։ Բայց ավելի հավանական է, որ ինչ-որ փուլում ինքնապահպանության բնազդն, այնուամենայնիվ, ինչ-որ բան կհուշի թուրք առաջնորդներին, և նրանք կգնան ամերիկացիների առաջ գլուխ խոնարհելու։

Պահպանելով լավագույնի հույսը՝ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այդպիսի զարգացմանը։