ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան առջև հանրահավաք է տեղի ունեցել, որի ընթացքում «Vatan» («Հայրենիք») կուսակցությունն առաջարկել է փակել Թուրքիայում ամերիկյան ռազմակայանները և Ղրիմը ռուսական ճանաչել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն կողմից Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության ճանաչման, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դիմում ենք կառավարությանը։ Բայդենի արածին չի կարելի խոսքերով պատասխանել։ Միջոցներ ձեռնարկելը պարտադիր է։ «Ինջիրլիք» և «Քյուրեջիկ» ռազմակայանները պետք է անհապաղ թուրքական ԶՈւ-ի լիակատար վերահսկողության տակ անցնեն, իսկ ամերիկյան զորքերը պետք է իրենց երկիր ուղարկվեն 15 օրվա ընթացքում։
Ղրիմի և Աբխազիայի, ինչպես նաև Կիպրոսի Հյուսիսային Թուրքական Հանրապետության (ինքնահռչակ) ճանաչման համար պետք է անհապաղ դիվանագիտական շփումներ սկսվեն Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի հետ»,- նշվում է հայտարարության մեջ, որը ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության առջև բողոքի ցույցի ժամանակ ընթերցել է կուսակցության գլխավոր քարտուղար Օզգյուր Բուրսալան։
«Vatan» կուսակցությունը Բայդենի հայտարարության դեմ բողոքի ցույց է անցկացրել նաև Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության առջև և մտադիր է շաբաթվա ընթացքում նմանատիպ ցույցեր անցկացնել Թուրքիայի տարբեր քաղաքներում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։
Ցեղասպանության հերքումը կարող է քրեականացվել. Բայդենի ուղերձի բերած հնարավորությունները
Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։