Տեր–Պետրոսյանը դիմում է ՀՀ նախագահին, ՍԴ–ին ու ԱԺ խմբակցություններին

ՀՀ առաջին նախագահը նշում է` եթե Արմեն Սարգսյանը, դատավորներն ու ԱԺ խմբակցությունները հաշվի չառնեն Էդգար Ղազարյանի նշած փաստարկները, պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանին մտահոգել է ընտրությունների օրինակարգությունը։ ilur.am–ը հրապարակել է նրա հայտարարությունը։

«Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին և, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին՝ ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում և նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին»,– նշել է ՀՀ առաջին նախագահը։

Նրա խոսքով` այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշած բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում

Մնալ վարչապետի պաշտոնակատար, թե չմնալ՝ որոշում է հրաժարական ներկայացրած վարչապետը

Տեր–Պետրոսյանը շեշտել է` 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգևորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերևս միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար։

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ ընտրություններն ինքը կկատարի վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով։ Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն ինքն է։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դեռ ապրիլի 2-ին Facebook–ում գրել էր, որ համաձայն ՀՀ Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի: Նա մանրամասն բացատրել էր պատճառները։