ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Երևանը լիովին համաձայն է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարության հետ, որ միջազգային հանրությունը պետք է կանխի ցեղասպանությունների կրկնությունը։ Այսօր հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության տեսանկյունից:
«Լիովին կիսում եմ Ջո Բայդենի ուղերձի այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի նման միջազգային հանցագործությունների կրկնությունը կանխելու համար», - ասաց Այվազյանը:
Նրա խոսքով` Բայդենի հայտարարության մանրամասն գնահատականը շարադրված է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։