ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Էլիսոն Մարի Լե Քլերին (նստավայրը` ք.Մոսկվա) և դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Քրեյգ Ֆոուլերին (նստավայրը` ք.Մոսկվա):
Ինչպես հայտնում են ՊՆ–ից, Կանադայի դեսպանը տեղեկացրել է, որ Կանադայում լրջորեն ուսումնասիրում են ԱԹՍ-ներ արտադրող թուրքական ընկերություններին կանադական սարքավորումների վաճառքը սահմանափակելու հարցը՝ ապագայում նման դեպքերի բացառման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Նախարար Հարությունյանը ներկայացրել է պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք, որ դեռ պատերազմի օրերին` 2020-ի հոկտեմբերի 24-ին, հայտնի դարձավ, որ կանադական «Bombardier Recreational Products»-ը (BRP) ժամանակավորապես դադարեցրել էր ավիացիոն շարժիչների մատակարարումները Թուրքիային։
Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ ընկերությունում տեղեկացել են, որ իրենց արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական մարտական անօդաչու թռչող սարքերում, որոնք կիրառվում են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ծավալած պատերազմական գործողություններում։