Հոգեկան առողջության խնդրով կնոջը ստիպել է մուրալ, իսկ փողը խլել է. տղամարդը կալանավորվել է

46-ամյա տղամարդը շուրջ երկու տարի շահագործել է հոգեկան առողջության խնդիր ունեցող կնոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. 46-ամյա տղամարդը ստիպել է մի կնոջ մուրացկանությամբ զբաղվել և ողջ գումարը խլել է նրա ձեռքից։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ տղամարդուն կալանավորել են։

Երևանում մի կին փոքրիկի դաստակները սեղմել է վառվող վառարանին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

«46-ամյա տղամարդը, օգտվելով 1973թ. ծնված կնոջ սոցիալական ծանր և հոգեկան առողջության վիճակից, նրան համատեղ բնակվելու պատրվակով հրավիրել է իր վարձակալած բնակարան: Այնուհետև 2019թ. փետրվարից մինչև 2020թ. դեկտեմբերի վերջերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն գործադրելով՝ կնոջը պարտադրել է Երևանում զբաղվել մուրացկանությամբ։ Տղամարդը վերցրել է ամբողջ գումարը»,–նշված է հաղորդագրության մեջ։

46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը)։

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: