ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14 000 անձի համար (առաջին բաղադրիչը): Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24 000 դեղաչափ: Իսկ ապրիլի 8-ին ներկրվել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ` 7500 անձի համար։
COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում ռիսկի խմբում գտնվող անձանց համար` շաբաթվա բոլոր օրերին։
ԵԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում
Ի դեպ, ՀՀ-ում ինչպես բոլոր, այնպես էլ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 181–ով և դարձել 213 469։