Էրդողանը խորապես վշտացած է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ

ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» բառն արտաբերելը Թուրքիայի նախագահի վրա շատ է ազդել` նա արդեն իսկ խոսում է երեսպաշտության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ խորապես վշտացած է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման առնչությամբ:

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որակեց որպես «ցեղասպանություն»։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Բայդենի հայտարարությունը հիմնված է պոպուլիզմի վրա, և Թուրքիան մերժում է այն։

Թուրք քաղաքական գործիչներն առաջարկում են ԱՄՆ-ին պատասխանել Ղրիմի ճանաչմամբ

«Բայդենը ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ օգտագործել է ոչ ճիշտ արտահայտություն, որը պատմական հիմք չունի։ Դա մեզ խորապես վշտացրել է։ Նման հարցերի գնահատականը պետք է թողնել պատմաբաններին, այլ ոչ թե քաղաքական գործիչներին, սակայն հակառակ կողմից ոչ մի պատասխան չկա։ Արևմուտքը երեսպաշտություն է ցույց տալիս հայկական հարցի և ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ»,–ասել է Էրդողանը կառավարության նիստի արդյունքներն ամփոփող իր հեռուստաուղերձում ՝ հավելելով, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում «հայկական ավազակախմբերը սպանում էին անմեղ մարդկանց»։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ նման հայտարարություն է անում`հենվելով այն փաստաթղթերի վրա, որոնք թուրքական արխիվներում մեկ միլիոնից ավելին են։

«Ինչի՞ վրա է հենվում Բայդենը` ես չգիտեմ։ Եթե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում նման արխիվներ կան, նրանք պատրա՞ստ են դրանք բացել։ Իսկ մենք պատրաստ ենք, եկե՛ք, ուսումնասիրե՛ք»,–ասել է Էրդողանը։

Արաբական երկրներն էլ կճանաչեն Ցեղասպանությունը. Եգիպտոսի կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են, մոտ երեք տասնայկ պետություններ, այդ թվում նաև` Լիբանանն ու Լիբիան, 2020 թվականին նրանց օրինակին հետևել է Սիրիան`երկրի խորհրդարանն ընդունել է 1915-ին հայերի զանգվածային ոչնչացման և տեղահանության ճանաչման ու դատապարտման մասին օրինագիծը: