ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական կողմի մասնակցության հարցում կոնսենսուս չկա։ Այսօր լիտվացի գործընկեր Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը։
ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են ապրիլի 29-30-ը Կազանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցության հարցը:
«ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանին որևէ կարգավիճակով հրավիրելու վերաբերյալ որևէ կոնսենսուս չկա»,-ասաց Այվազյանը:
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր` չի բացառում, որ պաշտոնական Երևանը վետո դնի ԵԱՏՄ առաջիկա նիստին Ադրբեջանի մասնակցությանը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: