ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են գերեվարվել և ենթարկվում են խոշտանգումների ու արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից: Համաձայն հրադադարի մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից»,– գրել է նախագահը:
Նա նշել է` մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ ներկայումս Ադրբեջանը շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձը:
«Հայաստանը բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից: Դիմում եմ Ձեզ և Միավորված ազգերի կազմակերպությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները` ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար»,– եզրափակել է Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հրադադարի հաստատումից ի վեր Ադրբեջանը վերադարձրել է հայ գերիներից 70–ին։ Իսկ թե քանի գերի կա դեռ այնտեղ, ստույգ թիվ չի նշվում։ Իրավապաշտպանների տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 300-ի։
Ադրբեջանական կողմը, սակայն, պնդում է, որ վերադարձրել է բոլոր գերիներին, իսկ իր մոտ մնացածները «ահաբեկիչներ» են։