Ադրբեջանցիները քաշքշել են հովվին, հարվածել աչքին. Արավուսում սահմանը 100-500 մետրի վրա է

Ադրբեջանցիները հարձակվել են Սյունիքի մարզի Արավուս գյուղի հովվի վրա և պահանջել, որ անասունները արածեցնելիս հեռավորություն պահի սահմանից։ Բնակչության մեծամասնությունը վաճառել է անասուններին. արոտավայր չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Օրեր առաջ Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիները քաշքշել են արավուսցի հովվին, որն անասուններին տարել էր արածեցնելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում դեպքի մասին պատմեց համայնքի ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Մեր հովվին քաշքշել են, մի հատ էլ աչքին հարվածել ու ասել, որ սահմանից 100 մետր հեռավորության վրա արածեցնի անասուններին։ Բայց արդեն նորմալ տեղ էլ չկա արածեցնելու, իսկ հովիվը մեր տարածքում է եղել։ Գյուղի տղերքը տեսել և մոտեցել են, իսկ ադրբեջանցիներն էլ փախել են։ Հիմա չգիտեմ` ի՞նչ էին ուզում հովվին անել` առևանգել, թե վախեցնել»,–ասաց Հովսեփյանը։

Գյուղապետի խոսքով` դրանից հետո հովիվը նորից տարել է անասուններին արածեցնելու և էլի է տանելու։ Նա հայտնեց նաև, որ գյուղում անասուն գրեթե չի էլ մնացել` մարդիկ վաճառել են իրենց ունեցածը, քանի որ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել համայնքի 63 հեկտար` վարած–ցանած հողատարածքը։

Եթե չլինի Սյունիքը, տապանաքար կարող ենք դնել Հայաստանի վրա. Քաջարանի քաղաքապետ

Հովսեփյանն ասաց` տեղում ժամկետային զինծառայողներն են սահմանը պահում, սակայն իրենք դիմել են, որպեսզի աշխարհազորային ստեղծվի, և գյուղի տղամարդիկ էլ ներգրավվեն սահմանը պահելու գործում։

Սյունիքի սահմանին փոխհրաձգություն է եղել. Կապանի համայնքապետ

«Ադրբեջանն այս կողմում 13 պոստ ունի, բայց մեր կողմում 4.7 կմ շառավղով բաց է տարածությունը` ես ու իմ գյուղի տղաներն են պահում այդ հատվածը։ Մեր խնդրանքն է, որպեսզի գրանցեն, մենք էլ օրինական պահենք սահմանը։ 3 պատերազմ անցած իմ ջոկատը կազմ–պատրաստ է, որպեսզի սահմանները պահենք. մարդիկ բանակից փախչում են, մենք էլ ուզում ենք սահման պահել` չեն գրանցում»,–ասաց Հովսեփյանը։

Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ են այժմ ապրում տեղի բնակիչները, եթե անասունները վաճառել են, ինչին ի պատասխան Հովսեփյանը նշեց, որ ինքն էլ չգիտի։ Նա հայտնեց, որ բնակելի տները սահմանից հեռու են 100-500 մետր, և չնայած դրան, որևէ մեկը գյուղից հեռանալ չի ուզում։

ՊՆ-ն հերքում է․ Սյունիքի սահմաններին Ադրբեջանի հետ փոխհրաձգություն չի եղել

Հիշեցնենք` ապրիլի 25-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ ասվում էր, թե հայկական կողմը Սյունիքում ռազմավարական նոր դիրքեր է հանձնել ադրբեջանական ուժերին։

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը բացարձակ սուտ էր որակել այդ տեղեկությունը` հայտարարելով, որ Հայաստանի զինված ուժերը որևէ դիրք չեն հանձնել ադրբեջանական կողմին, սահմանի ամբողջ երկայնքով գտնվում են իրենց զբաղեցրած դիրքերում և լիարժեք կատարում են առաջադրված խնդիրները: