Թուրքիայում ժամանակավորապես կփակվեն ԱՄՆ-ի դիվանագիտական կառույցները

ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ են տվել մեծ զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիները կամ օտարերկրացիները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ու հյուպատոսությունները հայտարարել են, որ երկու օրով փակվելու են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Սպիտակ տան հայտարարությունից հետո կարող են ցույցեր կամ բողոքի ակցիաներ տեղի ունենալ։ Որպես նախազգուշական միջոց՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը, Ադանայում ԱՄՆ-ի հյուպատոսությունը և Իզմիրում ԱՄՆ-ի հյուպատոսական գործակալությունը ԱՄՆ-ի քաղաքացիների ամենօրյա սպասարկման և վիզայի աջակցության համար փակ կլինեն ապրիլի 26-ին և ապրիլի 27-ին», - ասված է մամուլի հաղորդագրությունում:

Անհետաձգելի օգնության կարիք ունեցող քաղաքացիներին խորհուրդ է տրվում հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով կապ հաստատել դիվանագիտական կառույցների հետ:

Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոք հայտնել Բայդենի հայտարարության դեմ

ԱՄՆ-ի քաղաքացիներին հորդորում են խուսափել ԱՄՆ-ի կառավարական շենքերի հարակից տարածքներից և մեծ զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիները կամ օտարերկրացիները:

Հիշեցնենք՝ երեկ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց որպես «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին