Թուրքիայում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոք հայտնել Բայդենի հայտարարության դեմ

Թուրքիայի ԱԳՆ կանչված դեսպանին ասել են, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը վնաս է հասցնում երկու երկրների հարաբերություններին, և դրանք դժվար կլինի վերականգնել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի - Sputnik. Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության իր աղբյուրին։

ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդին ընդունել է արտգործնախարարի տեղակալ Սեդատ Օնալը։

«Դեսպանին ներկայացվել է մեր կոշտ արձագանքն առ այն, որ այդ հայտարարությունն անընդունելի ենք համարում, այն զուրկ է որևէ պատմական և իրավական հիմքից, ուստի մենք լիովին մերժում ու վճռականորեն դատապարտում ենք այն»,-հայտնել է աղբյուրը:

Նրա խոսքով՝ դեսպանին փոխանցել են, որ Բայդենի հայտարարությունն անվավեր է միջազգային իրավունքի տեսանկյունից, խորապես վնասում է թուրք ժողովրդին և վնաս է հասցնում Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններին, որոնք դժվար կլինի վերականգնել։

Հիշեցնենք՝ երեկ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց որպես «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին