Շվեյցարիայում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են անցկացվել Ցյուրիխում, Տիչինոյում, Դյուբենդորֆում և շվեյցարական այլ քաղաքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումներ են անցկացվել Շվեյցարիայի մի շարք քաղաքներում։ Շվեյցարիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին Ժնևի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցում Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան վարդապետ Ալջանյանի կողմից մատուցվել է Սուրբ Պատարագ։ Ապա եկեղեցու հարևանությամբ տեղադրված Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանի մոտ դուդուկահար Լևոն Մինասյանը կատարել է Կոմիտասի «Դլե յամանը»։ Ելույթ է ունեցել Շվեյցարիայի հայկական միության (Union Arménienne de Suisse) փոխնախագահ Րաֆֆի Կիրակոսյանը։

Ֆրանսիայի նախագահը հայերեն գրառում է արել

Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Իր խոսքում նա երախտագիտություն է հայտնել շվեյցարացի այն կանանց և տղամարդկանց, ովքեր աջակցեցին մեր ժողովրդին և փրկեցին հարյուրավոր կյանքեր:

«Չնայած բոլոր արհավիրքներին՝ հայ ժողովուրդն իր մեջ ուժ և կամք գտավ գոյատևելու և ոտքի կանգնելու ինչպես հայրենիքում՝ Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում։ Ավելին, հայ ժողովուրդը ստեղծեց Հայոց անկախ պետականությունը, որը կանխելու համար էին օսմանյան պարագլուխները ձեռնամուխ եղել հայերի ոչնչացման հրեշավոր ծրագրի իրականացմանը։ Այսօր էլ Սարդարապատի զանգերը ղողանջում են և կոչ անում մեզ պահպանել Հայաստանի անկախ պետությունը՝ որպես հայ ժողովրդի հարատևության ամուր և անսասան երաշխիք»,- իր խոսքում շեշտել է դեսպանը։

Նույն օրը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են անցկացվել Ցյուրիխում, Տիչինոյում, Դյուբենդորֆում և շվեյցարական այլ քաղաքներում։

20 մլն դոլար ու ավետարանի 8 էջ. ինչ փոխհատուցում է ստացել ցեղասպանության ենթարկված հայը