Հայաստանում համապետական ծառատունկ է 

Այսօր յուրաքանչյուր քաղաքացի կարող է համապետական այս կանաչ միջոցառման մասնակիցը դառնալ՝ թեկուզ իր այգում 1 ծառ տնկելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ Հայաստանի տարբեր մարզերում ընթանում է համապետական ծառատունկը։ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում այսօր անցկացվող ծառատունկի խորհրդանշանական մեկնարկը տվեցին Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներն ու նախարար Ռոմանոս Պետրոսյանը «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում։

Ինչպես մասնակցել ապրիլի 25-ի համապետական ծառատունկին․ ծրագրի մանրամասները

Նախարարության ներկայացուցիչները կտնկեն շուրջ 1000 տնկի։

Արդեն իսկ համապետական ծառատունկին են միացել հանրապետական, մայրաքաղաքային և մարզային տարբեր կառույցներ։

ՇՄՆ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներն իրենց ընտանիքների հետ միասին և նախարար Վահան Քերոբյանը ծառատունկ են իրականացրել Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում։

«Սահմանափակ բնական պաշարներով աշխարհում անհրաժեշտ է էկոլոգիական խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահել: Կանաչ տնտեսության զարգացումը այսօրվա իրականության հրամայականն է, և պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն վերջինիս իրագործման համար»,- նշված է ՇՄՆ հաղորդագրության մեջ։

Նշենք, որ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դառնալ ծառատունկի մասնակից՝ այսօր իր բակում կամ այգում ծառ տնկելով։

Խոստացված 10 միլիոն ծառից ևս 1000–ը տնկվեցին. ապրիլի 25-ը համապետական ծառատունկի օր կլինի