Հայաստանի պաշտպանության նախարարն ընդունել է Կիպրոսի պաշտոնակցին

Քննարկվել է մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը, ինչպես նաև պաշտպանության բնագավառում Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Խարալամբոս Պետրիդեսի գլխավորած պատվիրակությանը: ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ և եռակողմ` Հայաստան-Կիպրոս-Հունաստան ձևաչափով համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

«Դուք այն ժողովուրդն եք, որը լավագույնս է մեզ հասկանում». Սարգսյանը` կիպրոսցի նախարարին

«Նշվել են փոխգործակցության առաջնային ուղղությունները, որոնք ներառում են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության լայն շրջանակ: Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցության միջոցառումների անցկացման` համավարակով պայմանավորված ժամանակավոր դադարեցումից հետո, ընթացիկ տարվա երկրորդ կեսին, հնարավոր կլինի հաստատել համագործակցության հետագա ծրագրերը և անցել դրանց ակտիվ իրականացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է Արցախում սանձազերծված պատերազմի մանրամասները, խոսել դրանց ավարտից հետո ստեղծված իրավիճակի մասին։

Կիպրոսի պաշտպանության նախարարը շեշտել է, որ երկու երկրներն ունեն համանման անվտանգային մարտահրավերներ։ Նա ընդգծել է մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ապագայում շարունակել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ քննարկումները:

Նշենք, որ Կիպրոսի պաշտպանության նախարարը Հայաստան է ժամանել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով: Ավելի վաղ նա հանդիպում էր ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։

Թուրքիան արհամարհում է Ցեղասպանությունը ճանաչելու կոչերը. Կիպրոսի պաշտպանության նախարար