ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հանդիպումը կայացավ, իսկ մենամարտը՝ ոչ։ Հրաչյա Հակոբյանը նշեց, որ ինքն ԱԺ պատգամավոր է և Վահե Հակոբյանին հրավիրում է ուղիղ եթերում բանավիճելու կամ երկխոսելու։
«Ես չեմ եկել ռինգ մտնելու և բոքսի օրենքերով կռվելու, առավել ևս որ բոքսի օրենքները չգիտեի, և եթե հանկարծ մտնեի ռինգ ու փորձեի Ձեզ հետ մենամարտել, միգուցե օրենքներից դուրս ինչ-որ բան անեի, որ հետագայում իմ դեմ կլիներ»,- նշեց Հակոբյանը։ Նա նաև Վահե Հակոբյանին նվիրեց բառարան, մեդալ ու հեռացավ դահլիճից։
«Ես կարծում եմ` այս երիտասարդն ապրել է իր կյանքի ամենաահավոր գիշերը, պատկերացնում եք` ինչ ապրումներ է ունեցել»,- նշեց Վահե Հակոբյանը։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանին հրավերին՝ բանավիճելու եթերում, Վահե Հակոբյանը նշեց, որ նրան չի համարում «քաղաքակիրթ» և չի ցանկանում «ինքն իր ինտելեկտը վիրավորել»։
«Ժամանակը ցույց կտա` ով է քաղաքական գործիչ, ով` կապիկ»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյանի այցի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած սյունեցիներին բերման ենթարկելուն, նշել էր, որ «պետք է այ տենց ստորացնելով բերման ենթարկեն»։
«Փաշինյանին քաղցր խոսք է ասել». Շուռնուխի գյուղապետի եղբորը բերման ենթարկելու մանրամասները
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էլ ասել էր, որ եթե Հրաչյա Հակոբյանի «դուխը կհերիքի, թող գա իր ներկայությամբ խոսի»: Հրաչյա Հակոբյանն էլ 24 ժամ էր տվել նրան՝ «տեղ ու ժամ ասելու համար»: Վահե Հակոբյանը նշել էր մարզասրահներից մեկի բռնցքամարտի ռինգը։