«Արդարությունը հաղթեց»․ Ռոբերտ Քոչարյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահին

Երկրորդ նախագահը հատուկ շնորհավորել է Հայ Դատի գրասենյակներին, որոնք տարիներ շարունակ պայքարել են հանուն ճանաչման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ 106 տարի առաջ տեղի ունեցածը «ցեղասպանություն» եզրույթով անվանելու համար։

Ամենայն հայոց կաթողիկոսը երախտագիտություն է հայտնել Ջո Բայդենին

«ԱՄՆ նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների: Վերջապես արդարությունը հաղթեց»,- նշված է Ռոբերտ Քոչարյանի Facebook-ի պաշտոնական էջում։

Նա նաև շնորհավորել է բոլոր այն հայրենասերներին, որոնք տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ ՀՀ երկրորդ նախագահը հատուկ շնորհավորել է Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին։

Հիշեցնենք՝ երեկ՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց որպես «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին