Թուրքիայի հանդեպ պաշտոնական Երևանի դիրքորոշումը չի փոխվել. ԱԳ փոխնախարար

Ավետ Ադոնցի խոսքով` 44–օրյա պատերազմին առնչվող որևէ նախապայման Թուրքիան չի դրել, սակայն ԼՂ հարցի կարգավորումը մնում է թուրքական կողմի համար որպես նախապայման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Թուրքիայի հանդեպ պաշտոնական Երևանի դիրքորոշումը չի փոխվել. Թուրքիայի հետ հարաբերությունները պատրաստ ենք սկսել կարգավորել առանց նախապայմանների։ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը` հավելելով, որ այսօրվա դրությամբ նախապայմաններ ներկայացվում են միայն թուրքական կողմից։

«Ներկայիս դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ երկխոսություն չկա` զրո մակարդակի հարաբերություններ են։ Անկարան մեր` առանց նախապայմանների հարաբերություններ սկսելուն արձագանքել է` առաջ քաշելով նախապայմաններ։ Այսինքն` Թուրքիան 2 նախապայման է առաջ քաշում, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտությանն ու Ցեղասպանությանը»,-ասաց Ադոնցը։

Նրա խոսքով` 44–օրյա պատերազմին առնչվող որևէ նախապայման Թուրքիան չի դրել, սակայն ԼՂ հարցի կարգավորումը մնում է թուրքական կողմի համար որպես նախապայման։

Կրկին ունենք բռնի տեղահանված ժողովուրդ. Արցախի նախագահի ուղերձը

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` Ադոնցը նշեց, որ Մինսկի խմբից բացի, այլ ձևաչափ չի քննարկվում այս պահին։ Նրա խոսքով` Մինսկի խմբի հետ աշխատանքներ տարվում են, և ինքը հույս ունի, որ դրանք շուտով տեսանելի կլինեն։

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանություն բառն արտաբերել–չարտաբերելուն` փոխնախարարը նշեց, որ Բայդենի կողմից դա շատ կարևոր քայլ կլինի, և ևս մեկ անգամ ԱՄՆ նախագահը կհաստատի իր մոտեցումը մարդու իրավունքներին և ազատություններին։

Բացի այդ, ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը, ըստ Ադոնցի, կարող է օրինակ ծառայել մնացած երկրների համար, որոնք դեռ ճանաչման չեն գնացել։

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։

Էրդողանի մահակը, կամ նա Բայդենին ակնարկում է`Ցեղասպանության ճանաչումը թանկ կնստի ԱՄՆ–ի վրա

Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Թուրքական սպառնալիքի մակարդակն աճել է. փորձագետներն ահազանգում են «ստորջրյա խութերի» մասին