ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Հայոց ցեղասպանությունը մի հարց է, որին Ուրուգվայում վերաբերվում են որպես սեփական խնդրի, որովհետև դրա հետևանքով Ուրուգվայը հյուրընկալեց հայ գաղթականների մեծ ալիքի։ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ասել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն։
Նա հիշեցրել է, որ ունեն արտոնություն՝ լինել աշխարհում առաջին պետությունը, որը պաշտոնապես ճանաչել է 1915 թ. ողբերգությունը։ Լակալե Պոուն նշել է, որ երբ լրանում էր այդ դեպքերի 50-րդ տարելիցը, Ուրուգվայի խորհրդարանն ընդունեց օրենք, որն ապրիլի 24-ը հռչակեց «Հայ նահատակների հիշատակման օր»։
«Հայոց հարցի պաշտպանությունը համահունչ դիրքորոշում է այն մոտեցումների հետ, որ մեր երկիրը մշտապես դրսևորել է միջազգային հարթությունում՝ օրենքի գերակայություն, մարդու իրավունքների պաշտպանություն, ժողովուրդների ազգային ինքնորոշում։ Այն հազարավոր հայերը, որոնք եկան այստեղ, փնտրելով խաղաղություն, ազատություն և հնարավորություններ, օգնեցին կառուցել ավելի դինամիկ և ավելի բազմազան հասարակություն»,–ասված է նախագահի ուղերձում։
Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նշվում է նաև, որ այս յուրահատուկ ամսաթվին ազգային կառավարության անունից ի սրտե փոխանցում են իրենց ողջույնները հայ համայնքին։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։
Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
«Դուք այն ժողովուրդն եք, որը լավագույնս է մեզ հասկանում». Սարգսյանը` կիպրոսցի նախարարին
Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:
Թուրքական սպառնալիքի մակարդակն աճել է. փորձագետներն ահազանգում են «ստորջրյա խութերի» մասին