«Մենք պարտավոր ենք ուղղել մեր մեջքը և հավատարիմ մնալ ինքներս մեզ». ՀՀ նախագահ

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտություն են տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik․Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ։ Այն հրապարակվել է նախագահի կայքում։

Ցեղասպանության ողբերգության ցավը նորովի է պատել մեր ժողովրդի հոգին. Գարեգին Բ–ի ուղերձը

«Ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում: Աշխարհը պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել, որ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում: Նման ոճրագործություններն ու դրանց հեղինակներին պետք է կոչել իրենց անուններով, դատապարտել հանցագործությունն ու հանցագործին», - ասված է ուղերձում։

Նախագահը նշում է, որ վերջին իրադարձություները՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան, փաստում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտություն են տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար:

«Հայոց ցեղասպանությունն այլատյացության այն հետևողական քաղաքականության արգասիքն է, որի նորագույն դրսևորումն Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական պատերազմն էր: Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, երբ դեռ ապաքինվում ենք ծանրագույն հարվածից, մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ, խելամիտ Հայաստան ունենալու ձգտումը: Մենք կարող ենք ու պարտավոր ենք ուղղել մեր մեջքը և ամուր կանգնել սեփական հողին և հավատարիմ մնալ ինքներս մեզ», - գրված է ուղերձում։

Թուրքիայի հետ պատրաստ ենք երկխոսության, բայց․․․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Նախագահի խոսքով՝ հայությունը որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանա մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին՝ առանց նահանջելու հիշողությունից ու արդարացի պահանջներից։

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։

Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Թուրքական սպառնալիքի մակարդակն աճել է. փորձագետներն ահազանգում են «ստորջրյա խութերի» մասին