ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի -Sputnik. ԱՄՆ-ում հայ-ամերիկյան խոշորագույն և ամենաազդեցիկ կազմակերպությունը` Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:
ANCA-ի կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Բայդենի այդ քայլը լուրջ հարված հասցրեց այս ոճրագործության արդարադատությանն ուղղված Թուրքիայի դարավոր խոչընդոտմանը: Միանալով ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին, ԱՄՆ 49 նահանգներին և ՆԱՏՕ-ի գծով տասնյակ դաշնակիցների՝ նախագահ Բայդենը վերջ դրեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությանն Ամերիկայի մեղսակցության դարաշրջանին:
«ANCA-ն հույս ունի համագործակցել Բայդենի վարչակազմի հետ, որպեսզի այդ հայտարարությունն օգտագործվի տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության հիմնարար վերափոխման նպատակով»,– նշել է կոմիտեի նախագահ Րաֆֆի Համբարյանը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը առաջնահերթություն տա Արցախի գոյատևմանը, Հայաստանի անվտանգությանը և տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղության հաստատմանը` հիմնված Հայոց ցեղասպանության խնդրի արդարացի լուծման վրա:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։