ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը մի շարք հայտնիներ են գրառումներ արել` կոչ անելով աշխարհին ճանաչել Ցեղասպանությունը։
«Ես հայ եմ։ Հպարտ եմ, որ հայ եմ։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում Ապրիլի 24-ը։ Բավակա՛ն է։ Պետք է ճանաչել 1915-ի Հայոց ցեղասպանությունը, որը 1.5 միլիոն մարդու կյանք խլեց»,–Twitter-ի իր էջում գրել է Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ երգչուհի և դերասանուհի Սեդա Ազնավուրը, Facebook–ի իր էջում գրառում է արել` նշելով, որ Ցեղասպանության զոհերը հավերժ կմնան մարդկանց սրտերում:
«1975 թվականի ապրիլի 9-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց թիվ 148 բանաձևը, որն ապրիլի 24-ը հռչակում է որպես «Մարդկային անմարդկայնության ազգային օր»: Բանաձևում ընդգծվում են ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության զոհերը»,–գրել է նա։
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը Twitter-ի իր էջում Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել և ասել, որ արդարության կարելի է հասնել միայն այն հողերում, որտեղ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը:
«Թուրքիան կարող է բուժել հայ ժողովրդի վերքերը: Հարգանքով եմ հիշում 106 տարի արդարությանը սպասած Հայոց ցեղասպանության զոհերին»,-գրել է Փայլանը:
Ամերիկացի երգիչ Դենիել Դեքերն էլ Facebook-ի իր էջում գրել է` հիշում ենք և պահանջում։
«2015-ին «Ադանա» երգի բառերը գրեցի` աշխարհին Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ներկայացնելու համար։ 2021-ին արդեն իսկ ժամանակն է միջազգային ճանաչման և արդարության»,–գրել է Դեքերն ու օգտագործել «Արցախը Հայաստանն է» հեշթեգը։