Ցեղասպանության ողբերգության ցավը նորովի է պատել մեր ժողովրդի հոգին. Գարեգին Բ–ի ուղերձը

Կաթողիկոսի խոսքով` մեր սուրբ նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով։ Ուղերձը հրապարակվել է Facebook–ում։

Թուրքիայի հետ պատրաստ ենք երկխոսության, բայց․․․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը

«Ցեղասպանության ողբերգության ցավը այսօր արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդի հոգին: Մեր սուրբ նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը, ներքաղաքական զարգացումներում զերծ մնալ բռնություններից ու բախումներից և նախանձախնդիր ոգով հետամուտ լինել մեր իրավունքների պաշտպանությանը։ Մեր ժողովրդի կյանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու գրավականը պետության զորացման պատասխանատվության բարձր զգացումն է և համախմբումը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ», –գրել է նա։

Կաթողիկոսը նշել է, որ մեր սուրբ նահատակների բարեխոսության հայցով աղոթում է Աստծուն, որ խաղաղ ու անվտանգ լինի մեր երկիրը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը միակամ ու միասնական կերտի իր լուսավոր ապագան:

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։ Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։

«Պահանջատեր լինելուց առաջ ազգովի լինենք հայրենատեր». Սերժ Սարգսյանի ուղերձը

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

«Ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում»․ Ֆրանսիայի Սենատի նախագահ

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում: Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

Հայաստանը բավական թանկ գին է վճարել ազատության համար. Կարոլինա Ֆերնանդես