Հայաստանը Բեռլինում բացել է հայկական գինիների պահեստ և գործարկել առցանց հարթակ, որի միջոցով հնարավոր կլինի իրականացնել ապրանքի վաճառքը ու դրանք առաքել ամբողջ Եվրոպայի տարածքում: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ գինիների առաջին խմբաքանակը Գերմանիա կհասնի այս տարվա մայիսին։
«Բեռլինում մենք հավաքական պահեստ ենք վարձել, ստեղծել ենք առցանց հարթակ` GIZ-ի (Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության) հետ համատեղ, որի միջոցով հնարավոր կլինի մեկ գինիների առաքում իրականացնել ամբողջ Եվրոպայով»,- նշեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ թե՛ առցանց հարթակը, թե՛ պահեստը կառավարվելու է Հայաստանից, և հայ արտադրողները իրենց ապրանքն անձամբ վաճառելու հնարավորություն են ունենալու` ուղիղ կապ հաստատելով գնորդի հետ։
Փորձնական ծրագրի մասին տեղեկությունը հասանելի կլինի նաև Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար։ Փոխնախարարի դիտարկմամբ`շատերը Հայաստան են ժամանում առանց ուղեբեռի տոմսերով կամ սահմանափակ ուղեբեռ տեղափոխելու հնարավորությամբ: Բացի այդ, սահմանափակումներ են գործում ալկոհոլային խմիչքների արտահանման համար։ Հիմա արդեն գինու և ալկոհոլային խմիչքների գործարան այցելած զբոսաշրջիկներն առցանց հարթակի միջոցով կարող են իրենց դուր եկած խմիչքից պատվիրել ցանկացած քանակի: Համակարգը կարգավորում է նաև խմիչքների փոխադրման հետ կապված խնդիրները:
Առաջիկայում նույն ծրագրով հնարավոր կլինի նաև հայկական թարմ միրգ ու բանջարեղեն արտահանել, ինչը, ըստ փոխնախարարի, թույլ կտա նաև խուսափել մատակարարումների ձգձգումներից և կայուն մատակարարում ապահովել։
Հայկական կոնյակի դեմ մեծ աշխատանք է տարվում, իսկ գինին կարող է համաշխարհային բրենդ դառնալ