ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունից հետո զանգել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի արտգործնախարարությունը` նշելով, որ երկու պետությունների ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախագահի ուղերձը։
Բացի այդ, հեռախոսազրույց է կայացել նաև արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլութ Չավուշօղլուի միջև։
«Բայրամովն անընդունելի է համարել որոշ երկրների ղեկավարների` 1915 թվականի իրադարձությունները քաղաքականացնելու փորձերը և ընդգծել, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունը պատմական փաստերի խեղաթյուրում էր», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ:
Բայրամովը հայտարարել է, որ 100 տարվա վաղեմության իրադարձությունները խեղաթյուրվել են։
Ավելի վաղ երկու երկրների ԱԳՆ-ներն իրենց պաշտոնական հայտարարություններում քննադատել էին Բայդենի ուղերձը։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։