«Բա ես պետք է ճոխ անեմ, հո դո՞ւ չէիր անելու». Ծառուկյանը` որդու հարսանիքի մասին

Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ իր որդու հարսանիքի մասին լուրեր տարածողները ուզում են դիվիդենտեր շահել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան« կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ եթե որդու հարսանիքն աներ 1.5 տարի հետո, մեկ է` նորից պատվերով նյութեր էին հայտնվելու դրա վերաբերյալ։ Ծառուկյանն իր կարծիքը հայտնեց այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով որդու` Նվեր Ծառուկյանի ճոխ հարսանիքին։

Պավլիաշվիլին և կինը Ծառուկյանի որդու հարսանիքից լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել

«Ես մինչ այսօր չեմ ասել, բայց ուզում եմ հիմա ասել` երբ պատերազմը սկսեց, Ծառուկյանը բերդում էր, և 3 միլիոն դոլար ուղարկել եմ Արցախ, մեր բանակին մեր հզորության համար, այդ մասին լուրեր տարածողները կամ դրանց տերերը չեն խոսում։ Իմ մասին լուրեր տարածողները հարսանիքի էլ են մասնակցում, ուտել-խմելու էլ են մասնակցում»,–ասաց Ծառուկյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե խոսքն արարողության ճոխության մասին է` Ծառուկյանն արձագանքեց. «Ես պետք է ճոխ անեմ, բա դու հո իմ պես չե՞ս կարող անել»։

Ծառուկյանի խոսքով` իր տղան է որոշել հարսանիքը կազմակերպել, և հավելեց` այդ հարսանիքի մասին լուրեր տարածողները ուզում են դիվիդենտեր շահել։

Հիշեցնենք` Ծառուկյանի որդու հարսանիքը կայացավ ապրիլի 10-ին, արարողության ճոխությունը հատկապես հետպատերազմական վիճակում բուռն քննադատության թեմա դարձավ։

Facebook-ում տեղեկություններ հայտնվեցին նաև Նվեր Ծառուկյանի հարսանիքի ծախսերի մասին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ծախսերը կազմել են մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։ Նշվում է, որ հրավիրված արտիստներից ամենաշատը ստացել է Նիկոլայ Բասկովը. նրան իբր վճարվել է 120 հազար դոլար։ Լարիսա Դոլինան «ընդամենը» 70 հազար դոլար է վաստակել։

Գագիկ Ծառուկյանին կարող են տուգանել որդու հարսանիքի գիշերային հրավառության համար