ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik.ՀՀ արտգործնախարարությունը ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանությունը ճանաչող ուղերձը։
Տարածած հայտարարության մեջ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ուղերձով ԱՄՆ նախագահը հստակ մատնանշում է 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած զանգվածային ոճրագործության սահմանումը՝ որպես ցեղասպանություն:
«Նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր են ընդունվել 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի և Սենատի կողմից։ Հայոց ցեղասպանության դժվարին օրերին Ամերիկայի կառավարությունը և ժողովուրդն անշահախնդիր օգնություն են ցուցաբերել և մահվան ճիրաններից փրկել բազմաթիվ մարդկային կյանքեր: ԱՄՆ նախագահի ուղերձը շարունակում է ճշմարտության և արդարության կողքին կանգնելու ամերիկյան այս ուժեղ ավանդույթները»,– նշում է ԱԳՆ–ն։
Գերատեսչությունը նաև արձանագրում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը համամարդկային խնդիր է, և ԱՄՆ իշխանություններն այսօր աներկբայորեն վերահաստատեցին իրենց հանձնառությունը մարդու իրավունքների պաշտպանությանը և մարդասիրության սկզբունքներին:
Միակ հիմքը պոպուլիզմն է. Թուրքիայի առաջին արձագանքը Բայդենի հայտարարությանը
«Այս ուղերձը ծանրակշիռ ներդրում է Հայոց ցեղասպանության գլոբալ ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման գործում»,– նշում է նախարարությունը:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձում ճանաչել ու դատապարտել է Հայոց ցեղասպանությունը` օգտագործելով հենց «ցեղասպանություն» եզրույթը։