ՀՀ ԱԺ –ի ու Ֆրանսիայի Սենատի նախագահները քննարկել են Ադրբեջանում պահվող գերիների հարցը

Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ քաղաքացիական անձանց ու ռազմագերիների պահումն ու նրանց քաղաքական սակարկությունների նպատակով պատանդի վերածելը հակասում է բոլոր միջազգային նորմերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն քննարկել են հայ գերիների վերադարձի հարցը։ Այս մասին խորհրդարանում լրատվամիջոցների առաջ Ժերար Լարշեի հետ համատեղ հայտարարության ժամանակ տեղեկությունը հայտնեց Արարատ Միրզոյանը։

Արցախ, գերիներ, Հայոց ցեղասպանություն. հանդիպել են Փաշինյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը

«Ընդգծվեց, որ քաղաքացիական անձանց ու ռազմագերիների պահումն ու նրանց քաղաքական սակարկությունների նպատակով պատանդի վերածելն անընդունելի է ու հակասում է բոլոր հնարավոր միջազգային իրավունքի նորմերին»,– ասաց Միրզոյանը։

Ժերար Լարշեն ևս իր խոսքում անդրադարձավ գերիների խնդրին` ասելով.

«Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին` համաձայն ստորագրած հայտարարության և բոլոր միջազգային պայմանագրերի»։

Նա հիշեցրեց, որ այս տեսակետը հնչել է նաև այս շաբաթ կայացած ԵԽԽՎ նիստում։

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայ գերիների հետ կապված հայտարարություն է ընդունել