Ադրբեջանի ԱԳՆ–ն Բայդենի հայտարարությունը «ցավալի» է որակել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես խոստացել էր, դատապարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը` հընթացս Հայաստանին մեղադրելով պատմությունը կեղծելու փորձի մեջ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որում նա Օսմանյան կայսրությունում կազմակերպված հայերի ջարդերը որակել է որպես ցեղասպանություն:

Փաշինյանը նամակ է գրել Բայդենին

Ադրբեջանի արտգործնախարարությունը Բայդենի հայտարարությունը «ցավալի» է որակել` նշելով, որ 1915թ-ի իրադարձությունները պետք է ուսումնասիրեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները:

«Հայաստանը, ցանկանալով թաքցնել կատարվածը և փորձելով իրեն ներկայացնել որպես ճնշված երկիր, չընդունեց Թուրքիայի առաջարկը ՝ համատեղ պատմական հանձնաժողովի կողմից հետաքննել այդ ժամանակաշրջանի իրադարձությունները», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ–ն` միաժամանակ Հայաստանին մեղադրելով պատմությունը վերաշարադրելու փորձի ու այն որպես քաղաքական ճնշում բանեցնելու համար:

Հիշեցնենք` 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն Ցյուրիխում (Շվեյցարիա) ստորագրել էին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» արձանագրություններ, որոնցով նախատեսվում էր «անկախ պատմաբանների» համատեղ հանձնաժողով ստեղծել 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատմական փաստն ուսումնասիրելու համար։

2018 թվականի մարտի 1-ին այդ ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելու մասին, քանի որ Թուրքիան խախտեց իր պարտավորությունները և սահմանված ժամկետում չվավերացրեց արձանագրությունները:

Միակ հիմքը պոպուլիզմն է. Թուրքիայի առաջին արձագանքը Բայդենի հայտարարությանը