ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Որևէ երաշխիք, որ մեր սահմանները պաշտպանված են, չկա։ Իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` շեշտելով, որ երկրի սահմանները պետք է պաշտպանի առաջին հերթին այդ երկրի բանակը, զինված ուժերը և անվտանգության համակարգը։
«Հիմա իշխանությունները խոսում են այն մասին, որ ընդհանրապես Ռուսաստանն ունի պարտավորություն` երկկողմ պայմանագրով, որպես մեր ռազմաքաղաքական դաշնակից, պաշտպանելու մեզ։ Այո՛, ունի՛։ Բայց ի՞նչ է նշանակում ռազմաքաղաքական դաշնակից։ Սա նշանակում է` դու ունես բանակ, ինքը ունի բանակ, դուք ունեք պայմանագիր, ստեղծում եք ռազմական դաշինք, որին մասնակցում ես դու քո բանակով և Ռուսաստանն իր բանակով»,– ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով` եթե Հայաստանը մտադիր է լուծարել բանակն ու 5 տարի 3 ամիս տևողությամբ հավաքներով ԶՈւ պահել, դա անհնարին է։ Քոչարյանի դիտարկմամբ` Հայաստանը պետք է արագ տեմպերով վերականգնի իր բանակը, հակառակ դեպքում ռազմաքաղաքական դաշինքը իմաստազրկվում է։
Երկրորդ նախագահը նաև արձանագրել է, որ արցախյան պատերազմից անցել է 6 միս, բայց այդ ընթացքում երկրի անվտանգության, ԶՈւ–ի մասին որևէ քննարկում, որևէ իրավական որոշում չի կայացվել։
«Այսօր անվտանգության հարցերում չի արվում ոչինչ»,– ասել է Քոչարյանը։
Ըստ նրա` դա է պատճառը, որ Ադրբեջանի նախագահը պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններով, քանի որ տեսնում է, թե ինչ է կատարվում Հայաստանում։
Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակներից պատասխանել են Նիկոլ Փաշինյանին