Քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ՀՀ փոխվարչապետը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ հատկապես առանձնացրել է «USAID»-ի հետ միասին կատարվող աշխատանքը՝ այն որակելով որպես երկկողմ համագործակցության լավագույն փորձերից մեկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Բաքվում հայտարարել են, որ կտրուկ կդատապարտեն ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։ Փոխվարչապետը շեշտել է միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման և դատապարտման անհրաժեշտությունը: Նա միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում էական նշանակություն ունի՝ հույս հայտնելով, որ նախագահ Ջո Բայդենը հստակորեն կարտահայտի իր՝ դեռևս նախընտրական փուլում բարձրաձայնած դիրքորոշումը:

Նշվում է, որ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության ցուցաբերած ֆինանսական ու տեխնիկական աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանն ու իրականացվող բարեփոխումներին:

Տիգրան Ավինյանը հատկապես առանձնացրել է «USAID»-ի հետ միասին կատարվող աշխատանքը՝ այն որակելով որպես երկկողմ համագործակցության լավագույն փորձերից մեկը: Խոսքն ավելի քան 60 ծրագրի իրականացման մասին է՝ ծառայությունների մատուցման, թվայնացման և այլ ուղղություններով:

«Երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում կողմերը կարևորել են Հայաստանում հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը: Փոխվարչապետն այս բարեփոխումը անվանել է անկյունաքարային՝ ընդգծելով, որ այն կապահովի պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեությունն ու թափանցիկությունը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև պետական և համայնքային ծառայությունների թվայնացման ընթացիկ վիճակին ու արձանագրված արդյունքներին:

ՀՀ իշխանությունները չեն նպաստում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Կիրո Մանոյան

Տիգրան Ավինյանը նշել է, որ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում, և մինչև տարեվերջ առարկայական արդյունքներ են ակնկալվում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ներկայացնելով կառավարության առաջնահերթությունները թվայնացման ոլորտում՝ փոխվարչապետն առանձնացրել է պետական և համայնքային ծառայությունների, պետական մարմինների ընթացիկ աշխատանքների, արդարադատության բնագավառի, կառավարության էլեկտրոնային գործիքների և տվյալների միասնական բազայի ստեղծման հարցերը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև էներգետիկ անվտանգության ու վերականգնվող էներգիայի բնագավառներում համագործակցության հեռանկարները: Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի հետաքրքրությունը կլիմայի փոփոխության մարտահրավերին արձագանքելու և դրան դիմակայելու արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում: Անդրադարձ է կատարվել «պարտք՝ կլիմայի դիմաց» նորարարական ֆինանսական փոխանակման մեխանիզմի գործարկման հնարավորություններին: