ՄԱԿ-ը չի մեկնաբանել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին լուրը

Բայդենի նախորդը՝ Դոնալդ Թրամփը, դա չէր արել՝ զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը չի մեկնաբանել լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը՝ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրության վերաբերյալ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հայոց ցեղասպանության քարտեզը Օսմանյան կայսրությունում

Դյուժարիկը, պատասխանելով հարցին՝ ճանաչում է, արդյոք, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, միայն հայտարարել է, որ ցեղասպանության փաստը պետք է որոշվի դատական համապատասխան կառույցների կողմից։

Ավելի վաղ Wall Street Journal պարբերականը, հղում անելով ամերիկյան պաշտոնատար անձանց, տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է պաշտոնապես ճանաչել ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Նրա նախորդ Դոնալդ Թրամփը դա չէր արել՝ զգուշանալով Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելուց։

«Այս հարցը վերջին տարիներին բազմաթիվ անգամ արծարծվել է։ Մենք սկզբունքորեն մեկնաբանություններ չունենք այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչև ՄԱԿ-ի ստեղծումը։ Եվ մենք տարբեր իրավիճակներում նշել ենք, որ ցեղասպանության փաստը պետք է որոշվի համապատասխան դատական մարմինների կողմից»,-ասել է Դյուժարիկը։

Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Չնայած բազմաթիվ երկրներ ճանաչել են այդ փաստը, Թուրքիան, որը Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, ավանդաբար ժխտում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքները։

ՀՀ իշխանությունները չեն նպաստում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Կիրո Մանոյան

Այսօրվա դրությամբ ԱՄՆ 50 նահանգից 49-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն դաշնային մակարդակով դա տեղի չի ունեցել։