ԼՂՀ հակամարտությունը լուծված չէ, վաղ է խաղաղության համաձայնագրի մասին մտածել. ԱԽ քարտուղար

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցազրույց է տվել ռուսական ՌԻԱ Նովոստի գործակալությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի -  Sputnik. Հակամարտությունը Ղարաբաղում վերջնականորեն լուծված չէ, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի մասին կարելի է մտածել այն ժամանակ, երբ Բաքուն պատրաստ կլինի կառուցողական երկխոսության, ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Արցախյան պատերազմի ժամանակ եղել են ցեղասպանության տարրեր. Հարություն Մարության

«Նախքան խաղաղության համաձայնագրի մասին խոսելն անհրաժեշտ է արձանագրել մի հասարակ փաստ. ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես լուծված չէ։ Այդ հակամարտությունն անհնար է ուժով կամ ուժի գործադրման սպառնալիքով լուծել։ 2020-ի սեպտեմբերին դիմելով ռազմական ագրեսիայի՝ Ադրբեջանի ղեկավարությունը խախտեց հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու երեք հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժ չգործադրելու կամ ուժի սպառանալիքից հրաժարվելու սկզբունքը»,-ասել է Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նրա խոսքով, կան տարիներով համաձայնեցված սկզբունքներ, դրանց բաղադրիչներ, որոնց վրա հենց պետք է հենվի հակամարտության կարգավորումը։

«Այս հարցում մեզ հետ համակարծիք են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Վերջին համատեղ հայտարարության մեջ նրանք ընդգծել են, որ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա «կողմերին քաջածանոթ սկզբունքների ու տարրերի հիման վրա»,-ասել է Գրիգորյանը։

Նա կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «ոչ միայն ժխտում է հակամարտության չկարգավորվածության օբյեկտիվ փաստը, այլև բոլոր միջոցներով փորձում է խորացնել թշնամությունը երկու ժողովուրդների միջև։ 

Կրակոցներով Ադրբեջանը նպատակ է հետապնդում ահաբեկելու խաղաղ բնակիչներին. Արցախի ՄԻՊ

«Օրինակ, երբ նա բացում է, այսպես կոչված, «ռազմավարների պուրակը», Զանգեզուրի վերաբերյալ զառանցագին հայտարարություններ է անում, Արցախի օկուպացված տարածքներում ոչնչացնում է հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը, պղծում է ոչ միայն Ղարաբաղյան առաջին պատերազմի, այլև Մեծ Հայրենականի հերոսների հուշարձանները, ինչպե՞ս կարելի է մտածել խաղաղության համաձայնագրի մասին։»,-ասել է ԱԽ քարտուղարը։

Նա շեշտել է, որ երբ Ադրբեջանը խելամիտ մոտեցում ցուցաբերի, ռացիոնալ քայլեր անի ու պատրաստ լինի կառուցողական երկխոսություն վարել, այդ ժամանակ միայն կարելի է մտածել խաղաղության համաձայնագրի մասին։