ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. «Fly Armenia Airways»–ին պատկանող «Boeing 737-300» տիպի ինքնաթիռը, որն ավելի քան 2 ամիս առաջ հայտնվել էր Իրանում, այսօր` տեղական ժամանակով 19:15-ին, վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` ինքնաթիռի վերադարձը հնարավոր է դարձել ՀՀ արտաքին գործերի նախարարության և քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համատեղ ջանքերով և իրանական կողմի հետ արդյունավետ գործակցության արդյունքում։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նաև հայտնում է, որ ինքնաթիռի գործի վերաբերյալ անցկացրած քննության և արդյունքների մասին հանդես կգա հավելյալ պարզաբանմամբ։
Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Fly Armenia airways» ավիաընկերության օդանավն առևանգվել է։ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը Facebook-ի իր էջում գրել էր, թե փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հայկական գրանցմամբ EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավի առևանգման մասին:
Ճաղարյանը նշել էր, որ օդանավը թռիչք է կատարել Էստոնիայի Տալլին քաղաքից և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշվել է գնալ Արաբական Էմիրություններ` տեխսպասարկման, և «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է` ինքնաթիռը Հայաստան վերադառնա մարտի 3-ին, բայց դա տեղի չէր ունեցել։
Ապրիլի 14-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ–ում, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասել էր, որ ինքնաթիռն ունեցել է տեխնիկական խնդիրներ, որոնք վերացնելուց հետո ինքնաթիռը կվերադարձվի Հայաստան։ «ՀՀ–ն այս ամենում դերակատարություն տեղի չի ունեցել։ Այն, ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել առանց մեր պատկան մարմնի մասնակցության»,– նշել էր Պապիկյանը` հավելելով, որ այդ ինքնաթիռը Հայաստանում երբևէ չի եղել, ՀՀ քաղավիացիայի կոմիտեին ներկայացված հայտով թռիչք է իրականացրել է այլ ուղղությամբ։
Պապիկյանը նաև ասել էր, որ կա հարուցված քրեական գործ, հայ իրավապահները զբաղվում են նախաքննությամբ։