ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։
«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը և դրա ընթացքում թուրք-արբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ ուժով միջազգային խնդիրները «լուծելու» մոտեցումները չեն փոխվել։Արցախահայության դեմ իրականացված ոճրագործությունները փաստեցին նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև հայ ժողովրդի անվտանգության համար», – նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։
Շեշտվում է, որ այսօր հայ ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճշմարտության համար պայքարելու իր տոկունությունը։ Այդ պայքարը մեկ անգամ ևս հավաստում է, որ ոչ երիտթուրքական կառավարության բիրտ ուժը, ոչ Թուրքիայի հաջորդական կառավարությունների ժխտողական շահարկումները և տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի զորու չեն մոռացության մատնել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և նրա նահատակներին։
Այդ պայքարը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայի կառավարությունն իր մեջ ուժ չի գտել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և քայլեր ձեռնարկելու դրա հետևանքների վերացման ուղղությամբ։
Ամեն տարի ապրիլի 24-ին ամբողջ հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը: Իր ծավալներով նախադեպը չունեցող այս ծրագրված ոճրագործության հետևանքով թիրախավորվեց, բռնի տեղահանության և զանգվածային կոտորածների զոհ դարձավ Օսմանյան կայսրությունում ապրող հայ ժողովուրդը։ Տարիների ընթացքում պանթուրքիզմի գաղափարախոսությամբ առաջնորդվող երիտթուրքական և դրան հաջորդող կառավարությունները Հայոց ցեղասպանության քաղաքականությունը տարածեցին նաև Արևելյան Հայաստանում։
«Սա միայն հայերի պայքարը չէ». Էմանուել Մակրոնը նամակ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին
Այս գործողությունների հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն մարդ, խեղվեցին հարյուր հազարավոր ճակատագրեր, մի ամբողջ ժողովուրդ զրկվեց իր հոգևոր, կրթական, մշակութային և տնտեսական սեփականությունից, նրանից խլվեց իր պատմական հայրենիքի գերակշիռ հատվածում ապրելու իրավունքը։