Արա Այվազյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին

Այս տարի Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչումն ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ նշանավորում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման 20-ամյակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի - Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի գործընկերոջը՝ Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցչի կարգավիճակով Հայաստան այցելելու և Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

Քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը. Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Ֆրանսիայի ներկայացուցիչն ընդգծել է, որ այս տարի Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչումն ունի առանձնահատուկ խորհուրդ, քանի որ նշանավորում է Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման 20-ամյակը:

Նախարար Այվազյանը և պետքարտուղար Լըմուանն անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգի մի շարք հարցերի:

Նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Կարևորվել է ԼՂ խաղաղ գործընթացի վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս առնչությամբ նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի ղեկավարության հայատյաց գործողությունների և Հայաստանի Հանրապետության դեմ ուժի կիրառման սպառնալիքների վրա՝ ընդգծելով, որ նման քայլերով Ադրբեջանը վտանգում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն ուղղված միջազգային հանրության ջանքերը:

Բաքվում հայտարարել են, որ կտրուկ կդատապարտեն ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում

Որպես ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, երկուստեք կարևորվել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը, Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ջանքերի իրականացումը:

Նշենքմ որ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։