Անհանդուրժողականություն ու փոխադարձ ատելություն. ՀՀ–ում բռնության զոհ է դարձել 8 լրագրող

Հայաստանում առկա անհանդուրժողականության, փոխադարձ ատելության մթնոլորտն ամենևին էլ բարենպաստ պայմաններ չէին կարող ստեղծել լրագրողական գործունեության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. 2021թ–ի առաջին երեք ամիսները հայաստանյան լրագրողների ու լրատվամիջոցների համար եղել է ծայրահեղ լարված ու լրագրողական գործունեության համար խիստ անբարենպաստ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը` ներկայացնելով Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. առաջին եռամսյակի զեկույցը:

Անհանդուրժողականություն ու փոխադարձ ատելություն. ՀՀ–ում բռնության զոհ է դարձել 8 լրագրող

«Հետպատերազմյան շրջան, լարվածություն, պառակտվածություն հասարակության մեջ. այս ամենը լրագրողների համար չէին կարող ստեղծել բարենպաստ միջավայր։ Բոլորս հիշում ենք, թե այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում ինչպիսի իրադարձություններ եղան քաղաքական դաշտում. ընդդիմության բողոքի ակցիաներ, և լրագրողներն ու օպերատորներն ինչպիսի ճնշումների ենթարկվեցին։ Պետք է ասել, որ նույնը մենք նկատում էինք նաև իշխանական ատյաններում։ Նույնը մենք տեսնում էինք նաև ԱԺ–ում, երբ լրագրողները փորձում էին մեկնաբանություններ վերցնել իշխանական ներկայացուցիչներից։ Այդ անհանդուրժողականության, ես կասեի` նույնիսկ փոխադարձ ատելության մթնոլորտն ամենևին էլ բարենպաստ պայմաններ չէին կարող ստեղծել լրագրողական գործունեության համար»,– ասաց Մելիքյանը։

Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին, գցեցին Sputnik Արմենիայի օպերատորին

Ինչ վերաբերում է թվային ցուցանիշներին, այս տարվա առաջին եռամսյակում ԽԱՊԿ–ը արձանագրել է բռնության 7 դեպք` 8 տուժողով, այն դեպքում, երբ 2020–ի նույն ժամանակահատվածում բռնություն չի գրանցվել, իսկ 2019-ին գրանցվել է 2 դեպք։ Բացի այդ, 2020թ–ի ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է լրագրողների նկատմամբ բռնության 6 դեպք։

Աշոտ Մելիքյանը նշեց, որ լրագրողներն ու լրատվամիջոցներն այս տարի դժգոհում են նաև պետական գերատեսչություններից տեղեկատվության չտրամադրման կամ անհարկի ձգձգումների դեպքերից։ Արձանագրված այսպիսի 15 դեպքերից 2-ում լրատվամիջոցները դիմել են դատարան` գերատեսչությանը պարտավորեցնելու, որպեսզի տրամադրի հարցվող տեղեկատվությունը։

Փոխարենը լրագրողների ու լրատվամիջոցների վերաբերյալ դատարաններում 12 հայց է եղել, որոնց գերակշիռ մասը վիրավորանքի և զրպարտության դեպքերով, երբ լրատվամիջոցները ներագրավված են եղել որպես երրորդ կողմ։ Այսօրինակ հայցերից 6-ը ներկայացվել են ներկա ու նախկին պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից։

Հակոբ Արշակյանը հարձակվել է լրագրողի վրա. դեպքը կքննի ՀՔԾ–ն

Հաշվի առնելով առաջիկայում նախանշված արտահերթ ընտրությունները` Աշոտ Մելիքյանը կանխատեսում է, որ լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներն էլ ավելի կարող են սրվել։

«Շատ լավ կլիներ, որ այս ընտրույթյունները բացառություն լինեին, բայց դժվար է միանշանակ ասել։ Այս առումով բնական է, որ լրատվամիջոցները կարող են և՛ առողջացնող դեր խաղալ, և հակառակը` շատ ավելի վատ իրավիճակի հանգեցնել։ Երբ լրատվամիջոցը դառնում է քարոզչամիջոց և սպասարկում է կոնկրետ քաղաքական ուժի շահերը, միջոցների մեջ խտրականություն չի դնում, դա ընդհանուր ֆոնն ավելի վատացնում է»,– ասաց նա։

Մելիքյանը կարծիք հայտնեց, որ առաջին հերթին քաղաքական վերնախավը պետք է քաղաքակիրթ պայքարի օրինակ ծառայի։ Հակառակ դեպքում` նույն պատվերը ստանում է նաև այդ քաղաքական ուժին ծառայող լրատվամիջոցը։

Լրագրողական ՀԿ-ները դատապարտում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ հարձակումները