Խոշտանգումներով բերման ենթարկված շուռնուխցուն տեղափոխել են հիվանդանոց

Արարատ Աղաբեկյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, թոքերը 40% ախտահարված վիճակում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխցուն տեղափոխեցին հիվանդանոց:  Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Փաշինյանին քաղցր խոսք է ասել». Շուռնուխի գյուղապետի եղբորը բերման ենթարկելու մանրամասները

Հայտնել էինք, որ այսօր համացանցում տեսանյութ է տարածվել այն մասին, թե ինչպես են ոստիկանության Սյունիքի բաժնի աշխատակիցները ՀՀ քննչական կոմիտե բերման ենթարկում առողջական խնդիր ունեցող շուռնուխցուն, որը ներկայանում է Արարատ Աղաբեկյան անուն–ազգանունով։ 50-60 տարեկան տղամարդը տեսանյութում ոստիկաններին հայտնում է, որ բարձր ջերմություն ունի, թոքաբորբով հիվանդ է ու տնից դուրս գալիս դեղերը չի վերցրել։ Ոստիկանները նրան բաժանմունք են բերում ձեռնաշղթաներով։

«Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում»,–գրել է Հայրապետյանը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չէր հաջողվել, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։

Ակնկալում եմ կտրուկ գործողություններ. Փաշինյանը` Սյունիքի ակցիաների մասին. տեսանյութ

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

Խուլիգանության հոդվածով այսօր բերման են ենթարկվել Սյունիքի 16 բնակիչներին։