ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Դատախազության մոտ բողոքի ակցիա անողների շրջանում բազմաթիվ բերման ենթարկվածներ կան։ Բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանը։
Նշենք, որ քիչ առաջ հրմշտոց էր սկսվել ոստիկանների և բողոքի ակցիա անողների միջև, ինչի հետևանքով էլ ոմանք բերման ենթարկվեցին։ Մինչ այդ, բողոքի ակցիա անողները 20 րոպե ժամանակ էին տվել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի իջնի և իրենց հարցերին պատասխանի։ Սակայն դատախազությունից հայտնել էին` Դավթյանն արձակուրդում է։
Այդ ընթացքում մեկ ոստիկան ուշագնաց եղավ, որին տեղում օգնություն ցուցաբերեցին հենց բողոքի ակցիա անողները, իսկ հետո ոստիկանության մեքենայով հեռացրին տարածքից։
«Առողջություն մաղթենք ոստիկանին։ Մեր քաղաքացիներն ընդամենը բողոքի ակցիա էին անում»,–ասաց Մինասյանը։
Նա քաղաքացիներին հորդորեց մեկ–երկու քայլ հետ գնալ ոստիկաններից` ասելով, որ քիչ անց կզբաղվեն բերման ենթարկվածների հարցով։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։
Խուլիգանության հոդվածով այսօր բերման են ենթարկել Սյունիքի 16 բնակչի։
«Փաշինյանին քաղցր խոսք է ասել». Շուռնուխի գյուղապետի եղբորը բերման ենթարկելու մանրամասները
Ցուցարարները բողոքի ակցիա են անում ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների։