ՌԱԴԻՈ

Որ դեպքում ընտրությունները կարող են չեղարկվել, կամ Փաշինյանի սյունիքյան այցի արդյունքները

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին և դրան հաջորդած գործընթացներին։
Sputnik
Որ դեպքում ընտրությունները կարող են չեղարկվել, կամ Փաշինյանի սյունիքյան այցի արդյունքները

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` տեղի ունեցածը պատահականություն չէ, պարզապես մարդկանց ակտիվությունը պետք է կապել ոչ միայն Փաշինյանի սյունիքյան այցի, այլև վերջին օրերին հնչած տեսակետների և Ալիևի հայտարարության հետ։ Ըստ այդմ` Փաշինյանի այցը Սյունիք նշված գործոններից մեկն էր։

«Փաշինյանը գիտեր, որ բնականաբար խնդիրներ են առաջանալու, բայց նա նպատակ ուներ ցույց տալ, թե իրականում որտեղ ցանկանա, կարող է գնալ: Հակառակ դեպքում, եթե մտածի, որ իրեն վատ են դիմավորելու և այդ պատճառով որևէ տեղ չգնա, ապա ընդհանրապես պետք է իր նստավայրից դուրս չգա։ Նույնիսկ նման հեռանկարն աչքի առջև ունենալու պարագայում, Փաշինյանը ստիպված է լինելու կատարել մարզային այցեր` նաև ուժայինների ուղեկցությամբ, որպեսզի բացահայտի իր դեմ բացասաբար տրամադրված օջախները»,– նշեց քաղաքագետը։ 

Խոշտանգումներով բերման ենթարկված շուռնուխցուն տեղափոխել են հիվանդանոց

Բաղդասարյանի կարծիքով` ընտրություններից և քարոզարշավից առաջ կատարվում են հետախուզական այցեր, որպեսզի տեղերում պարզվի իրական վիճակն ու նախապես միջոցառումներ ձեռնարկվեն։ Ըստ նրա` տեղի ունեցածը կարելի է որակել որպես ռեպրեսիաներ, թեև բողոքի ակցիաների կազմակերպման համատեքստում վարչապետին ուղղված հայհոյանքները շատ տհաճ էին։

«Կարծում եմ` իշխանությունները նպատակ ունեն նաև վախեցնել մարդկանց, որպեսզի մյուս մարզերում նման բաներ տեղի չունենան, թեև հակված չեմ այն մտքին, որ դա կհաջողվի։ Սովորաբար հակառակն է լինում, այսինքն` որքան ճնշումներն ավելանում են, այնքան մեծանում է հակազդեցությունը, և ժողովրդի մի զգալի հատվածի ընդվզման ալիքը բռնությունների պարագայում ուժեղանում է»,– նշեց քաղաքագետը։

Բաղդասարյանի գնահատմամբ` սյունիքյան իրադարձություններից հետո կա հավանականություն, որ ընտրությունները կարող են չեղարկվել, թեև նման հակվածություն գոյություն կար անկախ վերջին զարգացումներից։ Փաշինյանն, ըստ քաղաքագետի, նման քայլի գնալու համար կարող է ցանկացած պատրվակ նշել, առավել ևս, եթե տեսնի, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու հնարավորություն չունի։        

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

«Տաքություն ունեի, մեռնում էի». Փաշինյանի այցից հետո շուռնուխցուն բերման են ենթարկել

«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,–ավելի ուշ Facebook-ում գրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։