ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Արցախյան պատերազմի ընթացքում զոհված, հաշմանդամություն ստացած, գերեվարված ու անհետ կորած զինծառայողների ընտանիքներին կտրամադրվի հոգեբանական աջակցություն` պետական միջոցների հաշվին։
Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։
Ինչպես նախագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, թիրախային խմբերին հոգեբանական աջակցություն տրամադրելու համար նախարարությունը կազմակերպել է հոգեբանական վերականգնման ծառայության ձեռքբերման բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը»։
Մրցույթի արդյունքում կնքվել է պայմանագիր, որի համաձայն հիմնադրամը 6 ամսվա ընթացքում կատարելիք աշխատանքի դիմաց պետությունից կստանա 100 մլն դրամ գումար:
«Մատուցվելու է անհատական ու խմբային հոգեբանական աջակցություն ու հոգեթերապիա, հեռախոսային հոգեթերապիա, թեժ գծով ծառայության մատուցում և հոգեբանական խմբերի տեղում աշխատանք։ Քաղաքացիներն իրենք պիտի որոշեն, թե ինչպիսի աջակցություն են ցանկանում ստանալ»,– ասաց ԱԻ նախարարը։
ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայ գերիների հետ կապված հայտարարություն է ընդունել
Նշենք, որ Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը Հայաստանում գրանցված է 2009թ–ից։