Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ

Նախագահը նկատում է նաև, որ նման օրենքի ընդունման համար նախ պետք է ունենալ գիտության և կրթության զարգացման հստակ ռազմավարություն ու ծրագիր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան։ Տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։

ՀՀ նախագահն այցելել է ԳԱԱ. քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը

Հայտնել էինք, որ օրենքի ընդունմանը դեմ էին մի շարք ուսումնական հաստատություններ` ԵՊՀ–ն, ԵՊԲՀ–ն, ԳԱԱ-ն... Ոլորտի մասնագետները նույնպես քննադատում էին օրենքը։

Նշվում է, որ նախագահն օրենքը քննարկել է Գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, ՀԿ–ների ներկայացուցիչների հետ, լսել նրանց դիտարկումները:

«Ըստ օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ օրենքի գլխավոր նպատակն է կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը: Սակայն հարկ է ընդգծել, որ օրենքը համակարգային բնույթ չունի, և դրանով նախատեսված կարգավորումներով գիտության և կրթության ոլորտում առկա խնդիրների համար առավելապես հատվածական լուծումներ են առաջարկվում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախագահը նկատում է նաև, որ նման օրենքի ընդունման համար նախ պետք է ունենալ գիտության և կրթության զարգացման հստակ ռազմավարություն, ծրագիր: Օրենքը լիարժեքորեն չի արտացոլում գիտության և կրթության զարգացման ժամանակակից միտումները:

Ի՞նչ կլինի, եթե նախագահը չստորագրի Բարձրագույն կրթության մասին օրենքը. իրավագետի տեսակետը

Միևնույն ժամանակ, օրենքի վերաբերյալ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Հենց այս ամենը հաշվի առնելով էլ` նախագահը չի ստորագրել օրենքը՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը օրենքի համապատասխանությունը որոշելու համար:

Հիշեցնենք` մարտի 24-ին ԱԺ–ն ընդունեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» աղմկահարույց օրենքի նախագիծը։

Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանն ապրիլի 5-ին հայտարարություն են տարածել` նշելով, որ ԱԺ–ի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը։

Երկու հեղինակավոր կառույցները կոչ են արել ՀՀ նախագահին չստորագրել օրենքը։

Բարձրագույն կրթության մասին օրենսդրական փաթեթն են քննարկել նախագահն ու ԿԳՄՍ նախարարը