Հեռու չգնանք։ Ընդամենը մի քանի օր առաջ կառավարական շենքերից մեկի մուտքի մոտ հայտնված բրոնզաձույլ «Անվախ աղջկա» մասին ինչ ասես ասացին։ Եթե այդ խեղճ աղջիկը կարողանար խոսել, հաստատ կհիշեցներ մեզ. «Ախր դուք Նժդեհի արձանն էլ չէիք ընդունում, ասում էիք սա Նժդեհը չի, Պետրոս առաջինն է, ու նաև հեգնական ժպիտով հարցնում էիք. «Բա ինչո՞ւ է մեջքով շրջվել դեպի Հանրապետականների կենտրոնակայանը, որոնք իրենց նվիրյալ նժդեհական են համարում»»։
Ի դեպ, անվախ այդ աղջկա մյուս կողմում էլ մի քանի տարի առաջ բացվեց Արամ Մանուկյանի արձանը, որը նույնպես հայտնվեց որոշ մարդկանց քննադատության թիրախում։ Էլ չեմ ասում Առնո Բաբաջանյանի արձանի մասին՝ ախր «Տերմինատոր» էին անվանում։
Այս ամենը հաշվի առնելով` համաձայնե՛ք, այլևս զարմանք չի առաջացնում այն հանգամանքը, որ, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել նաև Մահաթմա Գանդիի հուշարձանի տեղադրումը Երևանի Աջափնյակ թաղամասում՝ Հանրապետական հիվանդանոցի դիմացի այգում։ Իհարկե, որևէ մեկը չի կարող հերքել, որ Գանդին բացառիկ անձնավորություն է եղել, 5 անգամ ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Ճիշտ է, այդպես էլ չի ստացել այդ մրցանակը, բայց 2006 թվականին Նոբելյան կոմիտեի անդամները խոստովանել են՝ դա անարդար էր, նա միանշանակ պիտի Նոբելյան դափնեկիր հռչակվեր։ Իհարկե, նույնիսկ այն հայտնի գործիչները, որոնք լիովին ընդունում էին Գանդիի ուսմունքը, բավական վիճահարույց էին համարում այդ ուսմունքի որոշ դրույթներ։ Օրինակ` բրիտանացի գրող Ջորջ Օրուելը խոստովանում էր, որ իր համար անընդունելի է Գանդիի այն միտքը, թե մարդը չպիտի շատ սիրի իր հարազատներին և ընկերներին, որպեսզի կախման մեջ չընկնի նրանցից։
Չգիտեմ, միգուցե Երևանի քաղաքապետարանն այնուամենայնիվ սխալ գործեց, որ նախօրոք չկազմակերպեց հանրային քննարկում։ Ախր դրա նախադեպերը կան։ Ընդամենը երկու ամիս առաջ Ռուսաստանում առցանց հանրաքվե անցկացվեց՝ ո՞ւմ արձանը տեղադրել Մոսկվայի Լուբյանկայում՝ Ֆելիքս Ձերժինսկո՞ւ, թե՞ Ալեքսանդր Նևսկու։ Ի վերջո ոչ մի արձան էլ չկանգնեցվեց։ Եվ ինչու հեռուն գնանք. տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանն արդեն որոշում էր կայացրել ու մտադիր էր տեղադրել Անաստաս Միկոյանի հուշարձանը, որպես հայտնի գործչի, որը ոչ միայն մեծ դեր է խաղացել Խորհրդային Միության տնտեսության զարգացման գործում, այլև 60-ականների սկզբներին անմիջականորեն մասնակցել է, այսպես կոչված՝ Կարիբյան ճգնաժամի կարգավորմանը` անձամբ բանակցելով Ջոն Քենեդիի հետ։
Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»
Սակայն ընդդիմախոսները հիշեցրին, որ 30-ականների ռեպրեսիաների ժամանակ, երբ Կրեմլը հանձնարարել էր Հայաստանում ձերբակալել և գնդակահարել 500 մարդու, Միկոյանը նամակ էր գրել Իոսիֆ Ստալինին՝ առաջարկելով կրկնապատկել այդ թիվը։ Այս հուշարձանից էլ ի վերջո մնաց միայն դրա տեղադրման մասին չկատարված որոշումը։
Չմոռանանք, որ հուշարձանները նաև հանում են։ Չէ՛, խոսքը Վլադիմիր Իլիչի հսկա արձանը նրա անվան երևանյան հրապարակից հանելու մասին չէ։ Շատերը, հավանաբար, կհիշեն Մեքսիկայի մայրաքաղաքի Կենտրոնական զբոսայգում բացված՝ Հեյդար Ալիևի հուշարձանի հետ կապված պատմությունը։ Ադրբեջանի իշխանությունները խոստացել էին մեքսիկացիներին՝ մեր նախկին առաջնորդի արձանը տեղադրելու դիմաց մենք պարտավորվում ենք բարեկարգել ամբողջ զբոսայգին և նրան հարող տարածքները, հետո էլ ամեն տարի պատկառելի գումար հատկացնել այգին խնամելու համար։ Բայց ի վերջո Ալիևին հանեցին, երբ Մեքսիկայի մայրաքաղաքի բնակիչները սկսեցին բողոքել՝ լավ, ի՞նչ է արել այս բռնակալը մեր երկրի համար, որ մենք նրան նման պատվի ենք արժանացնում։
Համաձայնեք, սա շատ լուրջ հարց է՝ իսկ ի՞նչ է արել այս մարդը մեր երկրի համար։ Երբ տարիներ առաջ Երևանի կենտրոնում կանգնեցվեց հայտնի բևեռախույզ, գիտնական և հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի կիսանդրին, ո՞ւմ մտքով կանցներ նման հարց հնչեցնել։ Ախր նույնիսկ դպրոցականները գիտեն, թե ինչեր է արել նորվեգացին հայերիս համար։ Չեմ ուզում հիշեցնել այն հազարավոր հայ փախստականների մասին, որոնք, այսպես կոչված, «Նանսենյան անձնագրեր» ստացան։ Թույլ տվեք պարզապես մեջբերել Նանսենին. «Մարդկության պատմության մեջ չկա մի բան, որն իր հավասարն ունենա 1915 թվականին սկսված ջարդերի հետ։
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը
Բայց չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը»։ Այս խոսքերը Նանսենն արտասանել է այն ժամանակ, երբ աշխարհի բազմաթիվ հայտնի, շատ հայտնի գործիչներ ուղղակի խուսափում էին խոսել Հայոց ցեղասպանության մասին։