Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին. Լևոն Տեր–Պետրոսյան

Առաջին նախագահը կարծում է, որ վարչապետի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունքի կատարած այցին` քաղաքացիների տուն առանց նրանց ցանկության մտնելը բնութագրելով սադիզմի լպիրշագույն դրսևորում։ Տեր-Պետրոսյանը Ilur.am–ում հրապարակել է իր կարծիքը։

Նշենք, որ շուռնուխցի մի կին պատմել էր, որ չէր ցանկացել ընդունել Փաշինյանին, սակայն կարճ ժամանակ անց թակել էին դուռը և ներս եկել։

«Փաշինյանին քաղցր խոսք է ասել». Շուռնուխի գյուղապետի եղբորը բերման ենթարկելու մանրամասները

«Ինձ համար Փաշինյանի Սյունյաց արշավանքի ամենանողկալի դրվագը ուշ երեկոյան, առանց թույլտվության, նրա ներխուժումն էր շուռնուխեցի մի կնոջ բնակարան: Ավելի նվաստացուցիչ վիճակում չէի ուզի տեսնել երկրիս վարչապետին, որի պատկերացումը քաղաքացու իրավունքների մասին, ցավոք, չի տարբերվում ճորտատիրոջ պատկերացումից»,–ասում է առաջին նախագահը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ երկրի ղեկավարը չկարողանա մտնել այնտեղ։

Ապրիլի 20-ի գիշերը վարչապետն այցելել էր Շուռնուխ համայնք, որտեղ նույնպես բնակիչները նրան ընդունել էին վրդովված և սառը։

«Տաքություն ունեի, մեռնում էի». Փաշինյանի այցից հետո շուռնուխցուն բերման են ենթարկել

«Ագարակում և Մեղրիում տեղի ունեցածը հայտնի շրջանակների կողմից կազմակերպված գործողություններ են և որևէ կապ չունեն բուն ագարակցիների ու մեղրեցիների հետ»,–ավելի ուշ Facebook-ում գրեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Նույնաբովանդակ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Եղոյանը։