ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության որոշումը` բողոքարկելու «Մարտի 1»-ի գործով առաջին ատյանի որոշումը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանին չի զարմացնում։
Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբանը` ասելով. «Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը կարող է գլխավոր դատախազին իր մոտ հրավիրել, քրեական գործերի մասին տեղեկատվություն ստանալ, Սյունիքի մարզում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ դատախազին ցուցում տալ, թե ինչ գործողություններ անի, ակնհայտ էր, որ այս բողոքարկումն այդ տրամաբանության շրջանակում է»,– ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք` ՀՀ դատախազությունն այսօր հայտարարեց, որ բողոքարկել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Միհրան Պողոսյանը հայտնեց, որ դատախազության բողոքն այս պահին դեռ չի ստացել, բայց ենթադրում է, որ դատախազությունը բողոքարկել է քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը, այսինքն` դատարանի որոշման մեջ նշված հանցակազմը չլինելու հիմքը։ Սա, Պողոսյանի դիտարկմամբ, դատախազությանը հետագայում կարող է հնարավորություն տալ «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների նկատմամբ հետագայում այլ հոդվածով նոր անօրինական հետապնդում սկսելու։
«Կարծում եմ դատախազությունը նաև մեկ քայլ առաջ գնացած կլինի ու բողոքարկած կլինի նաև Աննա Դանիբեկյանի այդ պահին կայացրած որոշումը։ Այսինքն` իրենք էլի պնդելու են, որ Դանիբեկյանը պետք է կասեցներ գործի վարույթը, դիմեր ՍԴ և այլն։ Բայց գերնպատակը, կարծում եմ քրեական հետապնդումը դադարեցնելու հիմքը բողոքարկելն է»,– ասաց փաստաբանը։
Վերաքննիչ դատարանից Խաչատուրովի պաշտպանն ակնկալում է օբյեկտիվ դատական ակտի կայացում։
«Որոշ հարցերում ունենք ձախողումներ». Բադասյանը խուսափեց «Մարտի 1»-ի գործի ելքի մասին խոսել
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով անցնող բոլոր անձանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։
Մինչ այդ ՍԴ–ն հայտարարել էր, որ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որոշ դրույթներին։