ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ի պաշտպանություն ձերբակալված սյունեցիների բողոքի ակցիա անողները քայլերթով շարժվեցին դեպի դատախազություն` բողոքի ակցիան այնտեղ շարունակելու։
ՀՅԴ–ական Արծվիկ Մինասյանն ասաց` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով մարդկանց բերման ենթարկելու փաստին հակառակվելու փոխարեն քննչական կոմիտեն սկսեց կյանքի կոչել այն։ Մինասյանի խոսքով` իրենք պահանջում են ազատ արձակել ձերբակալված սյունեցիներին, ինչպես նաև քրեական գործ հարուցել պաշտոնական լիազորություններն անցնելու և խոշտանգման համար։
«Եվ այս ամենից հետո որոշ պատգամավորներ` Արփի Դավոյանը, Հրաչյա Հակոբյանը, Ալեն Սիմոնյանը և Արմեն Խաչատրյանն արդարացնում են ձերբակալություններն ու բռնությունը։ Դատախազությունը պարտավոր է քրեական գործ հարուցել նաև այս անձանց նկատմամբ։ Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազը 20 րոպեի ընթացքում իջնի և հանդիպի մեզ հետ»,–ասաց Մինասյանը։
Նշենք, որ իմքայլական Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի երեկվա դեպքերին, ասել էր, թե «պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն»։
Իսկ Արփի Դավոյանը վստահեցրել էր` Սյունիքում ոչ ոք անպատիժ չի մնա, իսկ ինչ վերաբերվում է Ալեն Սիմոնյանին, ապա նա էլ Շուռնուխում ուղեկցել է Փաշինյանին ու այցելել շուռնուխցիների տներ։
Իսկ ահա Արմեն Խաչատրյանը կրկին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի դեպքերին, ասել էր, թե սյունեցին չի կարող խուլիգան լինել, և չի մերժում վարչապետին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ` ապրիլի 21–ին, վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով էին դիմավորել Ագարակում, Մեղրիում ու Կապանում: Իսկ Քաջարան մուտք գործել նրան ընդհանրապես չհաջողվեց, որովհետև բնակիչները փակել էին քաղաքի մուտքը, զոհերի հարազատները` գնացել գերեզման, որ Փաշինյանը չկարողանա մտնել այնտեղ։
Խուլիգանության հոդվածով այսօր բերման են ենթարկել Սյունիքի 16 բնակչի։
«Փաշինյանին քաղցր խոսք է ասել». Շուռնուխի գյուղապետի եղբորը բերման ենթարկելու մանրամասները