Բերման ենթարկվածների նկատմամբ քայլերի իրավաչափությունը կստուգվի. դատախազի խորհրդական

Գոռ Աբրահամյանն անդրադարձել է սյունեցիներին բերման ենթարկելու հետ կապված դեպքերին, ինչպես նաև դատախազության առջև բողոքի ակցիային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակներում կատարվում են գործողություններ, որոնց իրավաչափությունը, օրինականությունը ևս, քրեադատավարական ընթացակարգով ստուգվելու են, ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով վստահեցնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` անդրադառնալով այսօր բերման ենթարկված սյունեցիների դեպքին։

Դատախազության առջևից բերման է ենթարկվել նաև Յուրի Խաչատուրովի որդին

Նշենք, որ այսօր 16 սյունեցի է բերման ենթարկվել, որոնք կասկածվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ Սյունիք կատարած այցի ընթացքում խուլիգանություն կատարելու մեջ։ Ի պաշտպանություն ձերբակալվածների` դատախազության առջև բողոքի ակցիա եղավ, որի ժամանակ պահանջում էին, որպեսզի գլխավոր դատախազ Արտակ Դավթյանն իջնի ցած։ Նա, սակայն, արձակուրդում է։

«Ըստ գործով ձեռք բերված փաստական տվյալների` տրվելու են իրավական գնահատականներ, այդ թվում նաև ոչ իրավաչափ ցանկացած դրսևորման՝ այդպիսիք հիմնավորվելու դեպքում։ Առավել ևս, որ առանձին սուբյեկտների կողմից արդեն իսկ արվել են այդ գործողությունների վերաբերյալ դատախազությանը դիմումներ կամ բողոքներ ներկայացնելու մասին հայտարարություններ։ Դրանք ներկայացվելու դեպքում ևս կքննարկվեն, պատշաճ կերպով կտրվեն պատասխաններ կամ կկայացվեն դատավարական որոշումներ»,–գրել է Աբրահամյանը։

Նա հանդարտության, ողջախոհության և փոխադարձ հարգանքի կոչ է անում` խուսափելու համար ավելորդ կրքերի բորբոքումից, ոչ իրավաչափ արարքներից և անցանկալի հետևանքներից։

Դատախազության մոտից 14 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն

Անդրադառնալով դատախազի հետ հանդիպում պահանջելուն` Աբրահամյանը հիշեցնում է, որ ակցիայի նախաձեռնողները հրաժարվեցին ընդունել իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու նպատակով մի քանի հոգով ներս մտնելու առաջարկը՝ փոխարենը ելույթների միջոցով պահանջելով այդպես էլ չպարզաբանված ինչ-որ «մոտեցումներ» հայտնել քրգործի շրջանակներում իրականացված գործողությունների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները գլխավոր դատախազից երեք պահանջ ունեին` ազատ արձակել բերման ենթարկված սյունեցիներին, քրեական գործեր սկսել իմքայլական այն պատգամավորների նկատմամբ, որոնք ձերբակալմանն ու բռնությանը կողմ էին արտահայտվել։ Բացի այդ, պահանջում էին քրգործ հարուցել իրավապահների դեմ, որոնք խոշտանգում էին շուռնուխցուն՝ բերման ենթարկելուց հետո։